Բաժիններ՝

Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը

Անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն ստացել լուծում»,- նշեց Մակունցը:

Ռեժիսորն էլ իր հերթին նշեց, որ նախարարը խոստացել է իր խնդիրների վերաբերյալ գործընթաց սկսել: Մակունցը շեշտեց, որ գործընթացները կիրականացվեն ամենաթափանցիկ և արդար ձևով:

«Ես հանդիպելու եմ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այս խնդրի վերաբերյալ»,- ասաց նա:

Արամ Շահբազյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Մակունցի հետ բավականին խորքային և արմատական խոսակցություն է ունեցել:

«Մենք միայն իմ ֆիլմի վերաբերյալ չենք խոսել, այլև կինոարտադրությանն ենք անդրադարձել և դրա խնդիրներին»,- նշեց Շահբազյանը:

Ռեժիսոր Արամ Շահբազյանի հացադուլի պատճառն իր «Չնչիկ» ֆիլմն է, որը սկսել է նկարահանել 2010 թվականից: «Չնչիկը» 4 երկրի` Հայաստանի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Գերմանիայի, համարտադրություն է: 2003-2006 թթ. ֆիլմի նախագիծը շահել էր 75 հազար դոլար և 110 հազար եվրո դրամաշնորհ և դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմարտադրության աջակցության ծրագրին: Պրոդյուսերներն են Արա Մնացականյանն ու Մելիք Կարապետյանը: Ֆիլմի հետարտադրական աշխատանքներն անավարտ են մնացել ու չնայած անավարտ վիճակին, Կինոկենտրոնն այն ընդունել է իր հաշվեկշռում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս