Շահույթ, որ կարող է գերազանցել աշխատավարձը. «Ժողովուրդ»
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում մահացությունների դեպքերին, որ կալանավորները, դատապարտյալները նախընտրում են ՔԿՀ-ներում մնալու փոխարեն ինքնասպանություն գործել, ասաց.
«Այս տարի երկու ինքնասպանության դեպք է գրանցվել։ Իմ ձեռքի տակ կան մեզ պես համադրելի երկրների ցուցանիշները, իհարկե, համեմատելի չէ, մահացությունները ցածր են, բայց դա ոգեւորության առիթ չէ։ Անկախ նրանից, թե անձն ինչի համար է դատապարտված, ինչի մեջ է մեղադրվել, ինչ հանցանք է կատարել, մենք պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի»։
Ավելին՝ վերջինս հայտնեց, որ վերացվել է բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձումը։ Ինչեւէ։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարի հետ զրուցեց ՔԿՀ-ներում տիրող իրավիճակների մասին։
– Պարոն նախարար, Դուք ամփոփելով Ձեր պաշտոնավարման հարյուր օրը՝ նշեցիք, որ վերացվել են բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձման գործընթացը կամ, առհասարակ, կալանավորներին թղթախաղի մեջ պարտադրված ներքաշելու գործընթացը։ Սակայն բոլոր այն մարդիկ, որոնք որ ՔԿՀ-ներում դատապարտյալ հարազատներ ունեն, կարող են հավաստիացնել, որ ՔԿՀ-ներում պտտվում են «սեւ փողեր»։ Մարդիկ սնանկանում են՝ ամեն ինչ վաճառելով, միայն թե ՔԿՀ-ից կենդանի դուրս գան։ Դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին եւ ի՞նչ քայլեր եք արել՝այս երեւույթը կանխելու համար։
– Ես արդեն ասացի, որ պարտադրված խաղեր այլեւս չկան, կենտրոնացված, համակարգված խաղեր չկան, բայց մենք չենք բացառում, որ դատապարտյալները կարող են հեռուստացույցով որեւէ, ասենք, խաղ նայելիս խաղադրույքներ անել։ Իրենք կազմակերպեն տոտոներ, վիվարոներ, մենք չենք կարող դա բացառել։ Խմորից կարող են պատրաստել զառեր, խմորից կարող են պատրաստել քարեր եւ ցանկացած խաղ խաղալ շահույթով խաղադրույքով։
– Ինչո՞ւ պետք է նրանց մոտ լինի ինտերնետային կապ կամ, առհասարակ, հեռախոս, իրավիճակը ցույց է տվել, որ քրեակատարողական հիմնարկներից նրանք այդ կապի միջոցով այլ հանցագործություններ են կատարում։
– Եթե Դուք խոսեք իրավապաշտպանների հետ, կարող է՝ պրոբլեմ ունենաք՝ նման հարցադրում անելով, քանի որ իրավապաշտպանները կարծում են, որ դատապարտյալները պետք է ունենան կապի միջոց, հեռախոս։
– Էլի ունենան, բայց դա բերում է նոր հանցագործությունների, մասնավորապես շատ են խարդախությունները։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։
– Հանցագործություն հեռախոսի միջոցով կատարում են նաեւ ազատության մեջ գտնվող անձինք, դա արգելված իր է, եւ մենք պարբերաբար խուզարկություններ ենք իրականացնում, սակայն քրեակատարողական համակարգում ձեւավորված են կոռուպցիոն ռիսկեր, քրեակատարողական ծառայողի աշխատավարձը չափազանց ցածր է, եւ դա ինքնին կոռուպցիոն ռիսկ է, քանի որ մեկ հեռախոս հանձնելու դիմաց քրեակատարողական ծառայողը կարող է այնպիսի շահույթ ստանալ, որ համեմատելի լինի իր աշխատավարձի հետ, հետեւաբար մենք համակարգային խնդիրներ ունենք այստեղ լուծելու։
– Ի՞նչ եք անում Դուք՝ որպես նախարար, զոն նայողների ինստիտուտը ՔԿՀ-ներում վերացնելու համար։
– Դուք այդպիսի փաստ չունեք, Դուք ուղղակի իներցիայով եք այդ հարցը տալիս։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: