«Հայաստանը հաստատ չի գտնվում այն կարգավիճակում, որ նման մարմնի կարիք լինի». Տիգրան Աթանեսյան

«Վարչապետի արած հայտարարությունը կրում է զուտ քաղաքական բնույթ, և համապատասխան լսարանի էր ուղղված, լսարան ասելով՝ նկատի ունեմ հանրահավաքի մասնակիցներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված արտահայտությունը՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»։

Փաստաբանի խոսքով՝ որոշ մարդկանց կողմից դա կարող է ընկալվել՝ որպես սպառնալիք պարունակող արտահայտություն. «Զուտ այդ ձևակերպումը մեր առօրյա կյանքում օգտագործում ենք՝ որպես սպառնալիք կամ զգուշացում, հետևաբար` կարող է և այդպես ընկալվել։ Ես չեմ կարող ասել՝ դա սպառնալիք էր, թե ոչ, բայց այն, որ որոշ մարդիկ կարող են որպես սպառնալիք ընկալել, ակնհայտ է։ Ճիշտ կլիներ հերքել այդ սպառնալիքը, պարզապես դա վերագրել հանրահավաքի ճառի կանոններին. հուսամ, որ այդպես է»։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ապա փաստաբանի խոսքով՝ դա բարդ հարց է, մի ձևով գոյություն չունեցող մոդել է. «Դա տարբեր երկրներում ունեցել է իր ձևը, նպատակը, պատճառները, տարբեր խնդիրներ են լուծվել, ընդհանրությունը նրանում  է, որ դա լուծվեր արագ՝ առանց սովորական դատավարությանը բնորոշ ժամկետների, ինչպես նաև՝ եթե երկրում դատական  համակարգը փլուզված է, օրինակ՝ Աֆրիկայի երկրներում է այդպես եղել։ Այսինքն՝ երբ ծայրահեղ վիճակ է։ Եթե խոսվում է արդարադատության մարմնի այլընտրանքի մասին, այսինքն՝ մի մարմնի, որը կարող  է պատիժ սահմանել և մեղք որոշել, ապա իմ կարծիքով՝ Հայաստանը հաստատ չի գտնվում այն կարգավիճակում, որ նման մարմնի կարիք լինի»։

Եթե խոսքը քննիչ հանձնաժողովի ֆունկցիաների մասին է, որն ուղղված է վեր հանելու ճշմարտությունը, և արդարադատությունը թողնել սովորական դատարաններին, ապա փաստաբանը դա համարում է քաղաքական քայլ, որը, ըստ նրա՝ այդքան սարսափելի չէ  իրավական տեսանկյունից։

«Մեր Սահմանադրությունը դա թույլ է տալիս՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տեսքով, և որպեսզի հեծանիվ չհնարվի և հակասահմանադրականության մասին խոսք չլինի, թող ԱԺ-ն ստեղծի նման քննիչ հանձնաժողով։ Կլինի դա նոր ԱԺ-ն, թե ներկայիս, թող քաղաքական գործիչները որոշեն, բայց կարող է ԱԺ-ն ստեղծել նման քննիչ հանձնաժողով, որի որոշումների հիման վրա կարող է ընդունվել համապատասխան օրենք։ Օրինակ՝ 90-ականների սկզբին ինչպե՞ս ենք ընդունել օրենք բռնադատվածների մասին։ Սա կիրառելի մոդել է նաև Հայաստանում՝ առկա իրավիճակը շտկելու, իրավական հետևանքներ սահմանելու։ Նորից եմ ասում՝ բացառելով, որ արդարադատական ֆունկցիա ունենա այդ հանձնաժողովը, այսինքն՝ մեղավոր և անմեղի հարցը չպետք է որոշի»։

Տեսանյութեր

Լրահոս