ԱՄՆ-ը հրաժարվել է պաստոր Բրանսոնի ազատումը կապակցել Halkbank-ի տուգանքների հետ. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Սպիտակ տանը նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ պաստորին ազատելու Վաշինգտոնի պահանջների կապակցույթամբ թուրքական կողմը, «ձգտելով հասնել պատասխան քայլի», խնդրել է ԱՄՆ-ին՝ ավարտել հետաքննությունը Halkbank-ի նկատմամբ»: ԱՄՆ-ում նրան միլիարդավոր դոլարների տուգանքներ են սպառնում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման համար: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ը հրաժարվել է այդ առաջարկությունից, ինչը «պայմաններ կստեղծի արդեն այս շաբաթ ԱՄՆ-ի կողմից Անկարայի դեմ սահմանափակիչ միջոցների հերթական շարքի ընդունման համար»:

Ինչպես ճշտել են աղբյուրները, «ԱՄՆ-ը Թուրքիային հասկանալ է տվել, որ երկների միջեւ վիճելի հարցերը, այդ թվում՝ Halkbank-ի նկատմամբ տուգանքները, չեն քննարկվի, քանի դեռ չեն ազատել Բրանսոնին»: «ՆԱՏՕ-ի գծով իսկական դաշնակիցը նախեւառաջ չէր ձերբակալի Բրանսոնին»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Դա Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի՝ պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն էր:
Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում է»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս