Բաժիններ՝

Google-ը լրտեսում է զարտուղի ճանապարհներով

Associated Press-ի փոխանցմամբ՝ iPhone բջջայիններում և Android օպերացիոն համակարգով գործող սարքերում Google-ի մեծ թվով ծառայություններ հավաքագրում ու պահպանում են օգտատերերի անձնական տվյալները, նույնիսկ՝ գաղտնիության վերաբերյալ նախընտրելի կարգավորումների ընտրության պարագայում:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Google ընկերությունը ձգտում է օգտատերերի մասին իմանալ առավելագույնը: Որպես կանոն, նախքան Google Maps քարտեզի հավելվածի գործարկումը, Google-ը նախապես հարցնում է օգտատերի թույլտվությունը նրա գտնվելու ստույգ վայրը՝տեղանքը ճշտելու և այդ տեղեկատվությունից օգտվելու համար:

Սա տեղի է ունենում ամեն անգամ քարտեզի նավիգացիոն ծառայությունից օգտվելիս. Google Maps-ը հիշեցնում է, որ հարկավոր է արտոնել տեխնոլոգիական հսկային տեսնել այդ պահին օգտատերի գտնվելու վայրը:

Վերջինիս համաձայնությամբ՝ Google Maps քարտեզի հավելվածը նաև իր հիշողության մեջ է պահում քարտեզի ծառայությունից օգտվողների ամենօրյա տեղաշարժը՝ հաճախ օգտագործվող հասցեներն ու տեղանքները, ինչն իր հերթին՝ վտանգի տակ է դնում նրանց անձնական տվյալների գաղտնիությունը:

Հատկանշական է, որ թեև Google-ը վստահեցնում է իր ծառայություններից օգտվողներին, որ հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել տեղանքի մասին տվյալների պատմության հավաքագրումը, Associated Press-ի հետաքննությունը պարզել է, որ Google-ի տրամադրած այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հետաքննությունը բացահայտել է, որ անգամ տեղանքի պատմության հավաքագրումը կասեցնելուց և գաղտնիության վերաբերյալ նախընտրելի կարգավորումների ընտրության պարագայում` Google ընկերությունը շարունակում է ավտոմատ կերպով հավաքել օգտատերի տեղանքի մասին տեղեկատվությունը՝ առանց վերջինիս համաձայնության:

Օրինակ, Google-ը ֆիքսում է այն հասցեն, որտեղից գործարկվում է Google Maps քարտեզի հավելվածը, իսկ Android տեսակի հեռախոսները ամենօրյա ավտոմատ եղանակի մասին թարմացումների ընաթացքում նույնպես ֆիքսում են օգտատերի գտնվելու մոտավոր վայրը:

Ընկերությունը նաև օգտվում է որոնումների հիշողությունից և գիտի թե,որ օգտատերը ինչ շոկոլադ է սիրում, ինչ ապրանքատեսկաներ է որոնում, և այլն:

Օգտատերերի անձնական տվյալների, այն է՝ նրանց տեղանքի պատմության և նախասիրությունների մասին տվյալների հավաքագրումը սխալ է, կարծում է Privacy International ընկերության փորձագետ Ֆրեդերիկե Քալթեուները:

Քալթեուների համոզմամբ, – «Պետք է շատ ուշադիր լինել անձնական տվյալների հարցում: Խնդիրն այն է, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հսկայածավալ տեղեկատվության են տիրապետում օգտատերերի մասին և այդ կերպ ավելի հեշտությամբ են կարողանում ներազդել նրանց վրա: Այս առումով, տեղանքի մասին տեղեկատվությունը շատ կարևոր դեր ունի ընկերությունների համար»:

Google-ը Associated Press-ին տրամադրած հայտարարության մեջ ընդգծել է, որ ամեն ինչ ավելի քան պարզ է՝ հավելելով, որ ընկերությունը օգտատերերի տվյալները տարբեր ճանապարհներով է ստանում՝ տեղանքի պատմության, համացանցի, հեռախոսային հավելվածների և այլ, իսկ նպատակը մեկն է՝ կատարելագործել օգտատերերի փորձառությունը:

«Մենք տրամադրում ենք նշված գործիքակազմի հստակ նկարագրությունները, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա վերահսկել իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը և կարողանա ջնջել իր պատմությունը ցանկացած ժամանակ», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ աշխարհի տեխնոլոգիական հսկաները մեր օրերում սուր քննադատութունների են արժանանում օգտատերերի տվյալների գաղտնիությունը վտանգելու համար:

Facebook-ի մեկից ավելի սկանդալային բացահայտումները վերջերս հանգեցրին Եվրամիության կողմից տվյալների գաղտնիության մասին նոր օրենքների ընդունմանը:

Քննադատների համոզմամբ՝ Google-ի կողմից օգտատերերի անձնական տվյալների գաղտնի հավաքարգրումն ու պահպանումը, իրականում, պայմանավորված է բացառապես կոմերցիոն գործոններով և նպատակ ունի նպաստել գովազդից ստացվող եկամուտների սրընթաց աճին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս