Հայտնի է Apple-ի «էժան նոութբուքերի» թողարկման ամսաթիվը
Թայվանի Quanta ընկերությունը կդառնա Apple-ի նոութբուքների նոր «էժան» տարբերակի արտադրողը: Դա կլինի 2018 թվականի չորրորդ եռամսյակում: Ենթադրվում է, որ դրանք կարող են շուկա դուրս գալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Ավելի վաղ նման սարքերի թողարկման մասին հայտնել էր Bloomberg- ը և հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն:
Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ընկերությունը նպատակ ուներ ներկայացնել մատչելի MacBook: Bloomberg-ի տվյալներով՝ ընկերությունը դեռևս մշակում է մատչելի MacBook-ը: Այն, ամենայն հավանականությամբ. կփոխարինի MacBook Air-ին: Ըստ շշուկների՝ նոր նոութբուքը կարող է լինել նախորդներից 2 անգամ մատչելի:
Հաղորդվում է, որ նոութբուքը կլինի13 դյույմանոց մոդել՝ Retina էկրանով, բայց այն, ինչ անուն կստանա սարքավորումը (MacBook, MacBook Air կամ այլ), դեռևս պարզ չէ:
Ներկայիս MacBook Air-ը վերջին երեք տարիներին սպասում է թարմացումների: Ընկերությունը պարբերաբար հայտարարում է փոփոխություններ անելու մասին, սակայն հստակ տվյալները դեռևս շատ քիչ են:
Մի քանի շաբաթ առաջ թայվանական լրատվամիջոցներից մեկը՝ Economic Daily News-ը հայտնեց, որ Apple-ի նոր համակարգիչը կհամալրվի ութերորդ սերնդի «Intel» պրոցեսորով՝ Kaby Lake անվամբ:
Այսպիսով, այս աշնանը Apple-ը կարող է ներկայացնել արտադրանքի լայն տեսականի` նոր MacBook, iMac և Mac mini, ինչպես նաև՝ iPad Pro՝ Face ID-ով: Սրանցից բացի, իհարկե, նոր iPhone:
Սիրարփի Աղաբաբյան