Ջենովայում կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 22-ի
Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի փոխնախարար Էդոարդո Ռիքսին:
«Սա ողբերգություն է, իսկական աղետ»,- ասել է նա Rainews24 հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ վիրավորվել է ութ մարդ:
Կառավարական Կիջի պալատի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այսօր երեկոյան կժամանի Ջենովա: Նա արձակուրդում էր:
Սպասվում է, որ վարչապետը Ջենովայում կմնա նաեւ օգոստոսի 15-ին: Ավելի վաղ տեղեկացվել է, որ անհապաղ արտակարգ պատահարի վայր է մեկնել Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցածքի նախարար Դանիլո Տոնինելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: