«Կանխատեսելի էր… ոչ մի լավ բան սպասել պետք չէ». Սեդա Սաֆարյանը Ռոբերտ Քոչարյանի ազատման մեջ «ավանդական հին կապ» է տեսնում

«Կանխատեսելի էր, որ դատարանի այդքան նազուտուզը դրան է վերաբերում, այլ բան չեմ կարող ասել։ Խափանման միջոցը փոխեցին, որովհետև նաև լսող դատավորն իր իշխանության տարիներին աշխատել է Արդարադատության խորհրդում։ Չեմ բացառում, որ ավելի շատ ոչ թե անձեռնմխելիության իրավունքի հետ կապ կա, այլ այդ ավանդական հին կապը գործեց»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան, Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ մեկնաբանելով ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործով առաջին ատյանի որոշումը վերացնելու մասին։

Դատարանի կողմից անձեռնմխելիությունը որպես հիմք ընդունելուց հետո թե ի՞նչ կլինի մեղադրանքի ճակատագիրը, Ս.Սաֆարյանը դժվարացավ ասել։ Ըստ նրա՝ ոչ մի լավ բան սպասել պետք չէ.

«Եթե իրենք գտնում են, որ կարելի է այսպիսի հանցավոր արարքներ թույլ տալ, և նման ձևով մոտենալ, լավ բան սպասել պետք չէ։ Դատավորներից մեկի հետ էլ այդպես վարվեցին, բազմադրվագ խարդախություններով գտան, որ անձեռնմխելիության հետ կապված խնդիր կա, ու ինքն ինչքան ցանկանար, կարող էր խարդախություն անել։ Այսինքն՝ դատարաններում, կարծես, ավանդույթ է դառնում անձեռնմխելիության հիմքով հանցավոր արարքներ թույլ տված անձանց հովանավորելը»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը 1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես Արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։ 1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։ 2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես Արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։ 2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։ Այնուհետև որպես դատավոր աշխատել է Երևանի տարբեր դատարաններում։

 

Տեսանյութեր

Լրահոս