«Ես ինքս իմ կամ իմ երեխայի թշնամին չեմ. մտահոգվելու որևէ առիթ չկա». «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ևս 13 օր սպասել՝ մինչև փորձագիտական հանձնաժողովը կտա իր վերջնական գնահատականը։
«Զրուցեցինք պարոն փոխվարչապետի հետ, նա խոստացավ, որ տեսչական մարմինը մինչև ամսվա վերջ կտա իր վերջնական գնահատականը, և ըստ այդմ էլ կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Մենք սպասելու ենք, խաղաղ մարդիկ ենք, և եթե վերջնական մեր ակնկալիքը երկու շաբաթվա մեջ կլինի, կարծում ենք՝ ճիշտ կլինի՝ սպասենք»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից Արտուշ Աղաջանյանը։
Նա ակնկալում է, որ փորձագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն կտա. «Թե՛ մասնագիտական բերումով, թե՛ աշխատանքներին մասնակցության առումով՝ գիտեմ, որ բոլոր բնապահպանական միջոցառումները ճիշտ կատարվել են, և հուսամ՝ արդյունքներն էլ կլինեն դրական, և մենք գոհ կլինենք մեր կառավարության անաչառ որոշումից»։
Ընկերության աշխատակից, Գնդևազ գյուղի բնակիչ, կենսաբան Մխիթար Արշակյանն էլ մի այլ խնդիր մատնանշեց. ««Լիդիան Արմենիա» ընկերության 400-ից ավելի աշխատակիցներ ծանուցագիր են ստացել, որ կարող է նրանց աշխատանքային պայմանագիրը խզվել։ Խնդիրն այն է, որ, եթե այդ 13 օրը նրանք չաշխատեն, պայմանագիրը կխզվի, թե ոչ։ Մենք հիմա ուզում ենք հանդիպել տնօրինության հետ և այս հարցը հասկանալ։ Եթե այդ 400 հոգու հետ պայմանագիր չի խզվի, մենք 13 օր կսպասենք, իսկ եթե խզվելու խնդիր կա, ուրեմն մենք կշարունակենք։ Կառավարությունից ասացին, որ կհորդորեն տնօրինությանը՝ նման քայլեր չձեռնարկել»։
Ինչ վերաբերում է կառավարության հնարավոր որոշմանը, նա վստահ է, որ ընկերությունը աշխատանքները շարունակելու հնարավորություն է ունենալու։ «Հանձնաժողովի կարծիքը հաստատ բացասական չի լինելու, դրանում համոզված ենք, դրա համար ենք այստեղ, այլապես չէինք գա»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ցուցարարները երկար ժամանակ փակ պահում Ամուլսարի ճանապարհը, եթե ռիսկեր չկան, նա այսպես պատասխանեց. «Ցուցարարները չեն ասում, որ ռիսկ կա, վտանգ կա, այլ ասում են, որ հանքը չպետք է աշխատի։ Եթե ես նրանց հետ ուզում եմ խոսել, հասկանալ նրանց ասածի իմաստը, նրանք ուզում են, որ հանքը բացարձակ չաշխատի։ Միայն մասնագիտական մոտեցման դեպքում կարող են ռիսկերից խոսել։ Ցուցարարներից ոչ մեկը չի ասում, որ սա վտանգավոր է։ Որևէ մտահոգվելու առիթ չկա, ես ինքս հո իմ երեխայի թշնամին չե՞մ։ Ինքս աշխատում եմ այնտեղ, մասնագիտությամբ կենսաբան-քիմիկ եմ, շատ լավ հասկանում եմ՝ ինչ է այնտեղ կատարվում։ Ես ինքս իմ թշնամին չեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում