Ֆրանսիան խոստացել է պահպանել միջուկային գործարքն Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի բոյկոտին
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
«Իրանի հետ կնքված պայմանագիրը գործելու է, չնայած այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն,- ասել է նախարարը Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում:- Դա կարեւոր համաձայնագիր է, որովհետեւ այն թույլ էտալիս խուսափել աշխարհում միջուկային զենքի տարածումից եւ տարածաշրջանային լարվածությունից»:
Լը Դրիանն ընդգծել է, որ «Եվրոպան միասնական դիրքորոշում ունի այդ հարցում»: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաեւ կոչ է արել Եվրոպային՝ վճռականորեն ու համատեղ հակազդել ուժի դիրքերից գործելու ԱՄՆ-ի փորձերին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: