Օզիլը հեռացել է Գերմանիայի հավաքականից՝ Էրդողանի հետ նկարի պատճառով
Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ հեռանում է Գերմանիայի ազգային հավաքականից:
«Ծանր սրտով, բայց շատ մտածելով վերջին իրադարձությունների մասին՝ ես որոշեցի այլևս հանդես չգալ Գերմանիայի հավաքականում: Ես ազգային հավաքականի շապիկը կրեցի հպարտությամբ և ուրախությամբ, բայց հիմա դա այդպես չէ:
Ինձ համար շատ դժվար էր այս որոշումը կայացնել: Ես միշտ ներդնում եմ բոլոր ուժերս, որպեսզի օգնեմ իմ թիմակիցներին, մարզիչներին և Գերմանիայի ժողովրդին:
Բայց ինձ համար չէ այն, որ Գերմանիայի ֆուտբոլի միության բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարգում իմ թուրքական արմատները և ինձ ներքաշում են քաղաքական քարոզչության մեջ:
Դա չէ այն պատճառը, որ ես ֆուտբոլ եմ խաղում: Ես չեմ կարող նստել և համբերել: Ռասիզմը չի կարող լինել ընդունելի»,- գրել է Օզիլը:
Հիշեցնենք, որ Օզիլին սկսեցին քննադատել Գերմանիայում, քանի որ նա լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Իլկայ Գյունդողանը Լոնդոնում հանդիպել էին Թուրքիայի նախագահի հետ:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AK Party), որի առաջնորդը Էրդողանն է, հրատարակել է լուսանկարներ հանդիպումից: Բունդեստագի և Գերմանիայի ֆուտբոլի միության բարձրաստիճան պաշտոնյաները լուրջ քննադատության էին ենթարկել ազգային հավաքականի խաղացողներին՝ խորհուրդ տալով նրանց կենտրոնանալ ֆուտբոլի վրա:
Հիշեցնենք, որ Օզիլն ու Գյունդողանը ծնվել են Գերմանիայում, բայց ունեն թուրքական արմանտներ: «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես ժամանակ ունեի մտածելու վերջին մի քանի ամիսների իրադարձությունների մասին: Ուստի ուզում եմ կիսվել կատարվածի մասին իմ մտքերով:
Շատերի պես, իմ ծագումը դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից: Ես մեծացել եմ Գերմանիայում, բայց իմ ընտանիքն ունի թուրքական արմատներ: Ես ունեմ երկու սիրտ` գերմանական և թուրքական:
Փոքր տարիքից մայրս սովորեցրել է ինձ հարգել և երբեք չմոռանալ, թե որտեղից եմ գալիս: Դրանք այն արժեքներն են, որոնց մասին ես մտածում եմ այսօր: Մայիսին Լոնդոնում հանդիպեցի նախագահ Էրդողանի հետ բարեգործական և կրթական միջոցառումների ժամանակ: Առաջին անգամ մենք հանդիպեցինք 2010-ին, երբ նա և Անգելա Մերկելը հետևում էին Գերմանիա-Թուրքիա հանդիպմանը:
Ես գիտեմ, որ մեր լուսանկարը հսկայական ռեզոնանս է առաջացրել գերմանական ԶԼՄ-ներում, և թեև որոշ մարդիկ կարող են մեղադրել ինձ ստախոսության մեջ, մեր լուսանկարը քաղաքական ենթատեքստ չունի: Ինչպես ասացի, մայրս երբեք թույլ չի տվել, որ ես մոռանամ իմ ծագման, ժառանգության և ընտանեկան ավանդույթների մասին:
Ինձ համար նախագահ Էրդողանի հետ լուսանկարը ոչ թե քաղաքականության կամ ընտրությունների մասին է, այլ այն մասին, որ ես հարգում եմ իմ ընտանիքի երկրում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողին: Ես ֆուտբոլիստ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ, և մեր հանդիպումը քաղաքականության հետ կապված չէ: Ինձ համար կարևոր չէ, թե ով էր նախագահը, կարևոր է, որ դա նախագահն էր»,- ավելի ուշ նշել է Օզիլը:
Սիրարփի Աղաբաբյան