«Ռուսաստանը միակ գերտերությունն է, որ կարող է կանխել Արցախյան պատերազմի վերսկսումը. Ադրբեջանը գործիք է». Լևոն Շիրինյան
«Դրա ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը միակ գերտերությունն է, որ կարող է կանխել Արցախյան պատերազմի վերսկսումը։ ԱՄՆ-ը չի կարող կանխել, որովհետև թուրքերը նրան չեն լսի։ Չափազանց ճիշտ և նորարարական հայտարարություն է։ Ադրբեջանը գործիք է, բայց դեռ Ցարական Ռուսաստանից սկսած, այդպես գործիք լինելով, ձեռքի հետ հայկական հարցը լուծել է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսումը՝ նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Շիրինյանը հիշեցրեց, որ բազմիցս է հայտարարել՝ ապրիլյան պատերազմի կազմակերպիչն ու սադրիչը պուտինյան Ռուսաստանն է։ Նման հայտարարությունը, ըստ Շիրինյանի՝ չի բացառի պատերազմի վերսկսումը, բայց կսահմանափակի Ռուսաստանի գործողությունները։
«Դարավոր, այսպես կոչված՝ ռուս-հայկական բարեկամության մեջ, Առաջին Հանրապետությունից զատ, առաջին անգամ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը դարձել է ճշգրիտ, իրականության հողի վրա և դրանից բխող հետևանքներով։ Սա նշանակում է, որ Հայաստանի գեոստրատեգիական գործողությունները համապատասխանեցվում են իրականությանը՝ նոր իշխանության պայմաններում, որը տվյալ պահին անում է վարչապետը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ դա նաև ուղերձ է ՄԽ համանախագահներին, որ ոչ ոք պատասխանատվությունն աջ ու ձախ չգցի։
«Հայ հասարակությունն այսօր պետք է հասկանա, որ 1915թ. Ցեղասպանության կազմակերպման երկրորդ պետությունը Ռուսաստանն է, 1920-21թթ. մեր հայրենիքը բաժանողը, թուրքերի և վրացիների հետ ախպերավարի կիսողը նորից Ռուսաստանն է։ Սա նշանակում է նաև մի բան, որ վարչապետը շատ լավ գիտի Հայաստանի քաղաքական պատմությունը՝ որպես սեփական պատմություն, ոչ բոլշևիկյան Ռուսաստանի կամ Օսմանյան Թուրքիայի կցորդի պատմություն, ինչպես խեղաթյուրել են մեր պատմաբանները»,- ընդգծեց նա։
ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը, ըստ նրա՝ չի տուժի. «Հիմա ճիշտն ենք ընդունում, կեղծը մեզ ոչինչ չի տալիս։ Նախկինում այդ կեղծիքն արագացրեց պատերազմը։ Դա զսպում է Ռուսաստանի մանևրի քարոզչական հնարավորությունները, մեր դարավոր բարեկամի բլեֆը չի անցնի։ Ռուսաստանը խոշոր եղբայր է, մենք մեծ եղբայր ենք. խոշոր եղբայրը պարտավոր է հարգել մեծ եղբոր շահերը։ Մենք հին մշակույթ ենք, իրենք ո՞վ են»։
Ռազմիկ Մարտիրոսյան