Տագնապի ազդանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Ձվարանների կիստաները ձվարանային գոյացություններ են, որոնց առաջացման պատճառ կարող են դառնալ հորմոնալ անհավասարակշռությունը, բորբոքային պրոցեսները, վերարտադրողական առողջության հետ կապված մի շարք խնդիրներ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին հայտնաբերել դրանք և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Կայքը ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել խնդրի առկայության մասին:

Միզարձակման փոփոխություններ: Սրանք կարող են վկայել մի խումբ առողջական խնդիրների առկայության մասին: Եթե միզելու ցանկություն ավելի հաճախ է առաջանում, երբեմն չեք կարողանում վերահսկել այդ գործընթացը, խնդիրը կարող է կիստայի առկայությունը լինել: Դիմեք մասնագետի օգնությանը:

Անոմալ արյունահոսություն: Հորմոնալ անհավասարակշռության ամենաակնհայտ նշաններից մեկը կարող է արյունահոսությունը լինել, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ: Այդ դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի և խորհրդատվություն ստանալ:

Ցավ սեռական հարաբերության ընթացքում: Վարակների և բորբոքային պրոցեսների դեպքում սեռական հարաբերության ընթացքում կարող է ցավ նկատվել: Եթե այն հաճախ է ձեզ անհանգստացնում, հարկավոր է դիմել մասնագետի, ով կօգնի վեր հանել ցավի պատճառը:

Կարդացեք նաև

Սրտխառնոց: Սրտխառնոց կարող է նկատվել նաև հորմոնալ խախտումների դեպքում, որոնք կարող են նաև կիստաների առաջացման պատճառ դառնալ:

Բորբոքում որովայնի հատվածում: Այս ախտանշանը կարող է մի խումբ գործոնների հետևանք լինել: Որովայնի փքվածությունն ու բորբոքումը տհաճ զգացողության պատճառ են դառնում, երբեմն կարող են նույնիսկ ցավով ուղեկցվել: Եթե այս ամենը տևում է մի քանի օր շարունակ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ գոտկատեղում: Այս հատվածում ցավը ոչ միշտ է վկայում մկանային խնդիրների մասին: Այն կարող է կապված լինել նաև վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների հետ:

Քաշի անսպասելի աճ կամ կորուստ: Քաշի անսպասելի կորուստը կարող է ուրախացնել, բայց եթե դրա համար որևէ ջանք չեք գործադրել, դա կարող է վկայել որոշակի խնդիրների մասին: Տագնապի ազդանշան է նաև քաշի արագ ավելացումը: Հարկավոր է խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ՝ հասկանալու համար խնդրի պատճառները:

Մշտական հոգնածություն: Հորմոնալ հավասարակշռության խախտումը ևս կարող է քրոնիկական հոգնածության հանգեցնել: Մշտական հոգնածությունը, կենտրոնանալու դժվարություններն անհանգստանալու առիթ են. հարկավոր է հասկանալ դրանց պատճառները:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս