«Եթե չլինի կոնսենսուս, ես չեմ պատկերացնում, թե այդ օրենսգիրքն ինչպես կարող է անցնել». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է վաղը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային խմբին առաջարկել այս փուլում պաուզա վերցնել:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ն.Զոհրաբյանը, ըստ էության, իրենք իրենց հիմնական խնդիրը լուծել են, խորհրդարանական ուժերն իրենց առաջարկությունները ներկայացրել են:
«Մենք առաջարկում ենք 2 ֆորմատները համատեղել, բայց կառավարության համար դա, կարծես, ընդունելի չէ, եթե, իհարկե, իմ շատ հարգարժան Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարությունը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ այժմ պարզ չէ, թե ինչ պետք է անի խորհրդարանական հանձնաժողովը, վաղը գուցե քննարկի կառավարական հանձնաժողովի առաջարկները:
Ն.Զոհրաբյանի խոսքով՝ էական է, թե կառավարությունը պատգամավորների առաջարկներից որն է ընդունում և որը կներառվի նոր մշակվելիք ԸՕ-ում.
«Համենայն դեպս, 2 բացարձակ տարբեր նախագծեր պատրաստելը ես ռացիոնալ չեմ համարում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք»:
Նա նշեց, որ ներկայումս քաղաքական ուժերի միջև կոնսենսուս չկա ընտրակարգի նկատմամբ, ԲՀԿ-ի և «Ելքի» և մոտեցումը նույնական է՝ պետք է գնալ փակ համամասնական ցուցակներով, ՀՀԿ-ն շարունակում է մնալ իր տեսակետին՝ ռեյտինգային ցուցակներ, իսկ ՀՅԴ-ի տեսակետը՝ բաց համամասնական, քննարկման արժանի է:
Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ շատ ավելի օպտիմալ կլինի, որ կառավարական խումբն ասի, թե խորհրդարանական ուժերի որ առաջարկներն են ընդունելի:
Հարցին՝ տպավորություն չունի՞, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շրջանցել մյուս ուժերին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց՝ ոչ, որովհետև նրանից կամ Արարատ Միրզոյանից ինքը չի լսել, որ իրենք դեմ են կոնսենսուսով աշխատելուն, կամ՝ որ ԸՕ շուրջ քաղհասարակության և քաղաքական ուժերի միջև չլինի կոնսենսուս, այլ՝ հակառակը.
«Եթե չլինի կոնսենսուս, ես չեմ պատկերացնում, թե այդ օրենսգիրքն ինչպես կարող է անցնել»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ արտախորհրդարանական ուժերից և քաղհասարակության ներկայացուցիչներից բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Նրա կարծիքով՝ ամեն դեպքում կգնան կոնսենսուսի ճանապարհով: