ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ
Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված ոլորտներին առնչվող զինվորական պաշտոնյաներ:
Բանակի հրամանատարը նախ հանդես է եկել ներածական խոսքով` մեծապես կարևորելով օրակարգային թեմաները և իր գոհունակությունը հայտնելով ՊԲ-ի մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ, որոնց կյանքի կոչելու առաջնահերթությունները պետք է որոշել ռազմական խորհրդի հերթական նիստի ընթացքում:
Այնուհետև հնչել են մի շարք զեկույցներ, որոնք վերաբերում էին հրաձգային, մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության վիճակին, խնդրահարույց հարցերին և լուծման ուղիներին, մարտավարական, կրակային մեքենավարման ու ֆիզիկական պատրաստության մարզումներին, ուսումնանյութական բազայի վիճակին, հրետանային զորատեսակին առնչվող տարբեր թեմաների:
Նիստի ավարտին, ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` համապարփակ ելույթների և օգտակար քննարկումների համար և հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող խնդիրներ առաջադրել շահագրգիռ ոլորտների պատասխանատուներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն