Բաժիններ՝

Մահակներով իջնելով ավտոմեքենաներից՝ հայհոյանքներ են հնչեցրել, հարվածել մեքենաներին…

Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Ա.Իսոյանը մի խումբ անձանց հետ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել է Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Ա.Իսոյանը մահակով հարվածել է խցանման մեջ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի, ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին: Նույն միջադեպի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մահակով հարվածել են նաև «NISAN FUGA» մակնիշի ավտոմեքենային:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Իսոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս