Բաժիններ՝

Ուսուցիչները սկսել են խոսել իրենց խնդիրների մասին

Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսուցիչներն ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ուսուցիչներն արդեն սկսել են համարձակ խոսել խնդիրներից։ Սա կարևոր քայլ է, քանի որ խնդիրները բարձրաձայնելուց խուսափող, կուսակցականացված ուսուցիչը չի կարող լավ արդյունք տալ ժամանակակից աշխարհում։

Ցանկալի կլիներ, որ տարբեր հարթակներում այս օրերին անցկացվող քննարկումներին ավելի մեծ թվով ուսուցիչներ մասնակցեին։ Ուսուցիչներին պայմանականորեն կարելի է համարել «առաջին գծում ծառայողներ»։ Նրանք են աշակերտների, ծնողների հետ ամեն օր շփվող մասնագետները։ Հենց նրանցից ստացված տեսակետները, առաջարկները վերածելով խելամիտ որոշումների՝ նախարարությունը  կկարողանա իրավիճակը բարելավել։

Վերջին տարիներին ուսուցիչների հանդեպ ցուցաբերվել է անտարբերություն։ Այդ պատճառով այս պահին ուսուցիչները հիմնականում խոսում են աշխատավարձը բարձրացնելու և իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու մասին։

Ուսուցիչներն իրավացիորեն ասում են, որ վերջին տարիներին իրենց աշխատավարձը չի բարձրացել։ Սա կարևոր հարց է։ Ցածր վարձատրվող ուսուցչի մոտիվացիան ցածր է լինում։ Դա բացասաբար է ազդում երեխաների սովորելու մոտիվացիայի վրա։ Արդյունքում՝ տուժում է կրթության որակը։ Ի վերջո, անորակ կրթական համակարգի շրջանավարտները չեն կարող դառնալ ապագայի լավ ուսուցիչներ։ Այսինքն՝ չվճարելով ուսուցիչներին, մենք կորցնում ենք նորմալ կրթական համակարգ ունենալու հնարավորությունները։

Կարդացեք նաև

Ուսուցիչների կողմից ներկայացվող մյուս առաջարկը դասարաններում աշակերտների առավելագույն թիվը նվազեցնելն է։ Ուսուցիչներն ասում են, որ անհնար է միջին և ավագ աստիճաններում 30-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում աշխատելը։ Կրտսեր դպրոցում էլ անհնար է 25-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում աշխատելը։ Առաջարկվում է դասարանում աշակերտների թույլատրելի առավելագույն շեմ սահմանել 25-ը։

Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Եթե նախարարությունն ընդառաջ գնա ուսուցիչների առաջարկին, ապա դա կարող է բերել ուսուցիչների աշխատավարձի նվազման։ Պատկերացրեք՝ դպրոցն ունի 105 6-րդ դասարանցի։ Այսօր այդ աշակերտներին կարելի է բաշխել երեք դասարանում, յուրաքանչյուրում՝ 35 աշակերտ։ Եթե թույլատրելի շեմ սահմանվի 30 աշակերտը, ապա այդ դպրոցում արդեն պետք է լինի չորս 6-րդ դասարան։

Ընդ որում, դպրոցն ավել գումար չի ստանալու և այդ չորրորդ դասարանի գումարը պետք է պահվի մնացած ուսուցիչների գումարից։ Հետևաբար, որպեսզի նախարարությունը դասարանում աշակերտների թիվը նվազեցնի՝ պահպանելով նույն աշխատավարձը, ապա պետք է լրացուցիչ գումար տա դպրոցներին։ Ի դեպ, տարիներ առաջ մեկ դասարանում աշակերտների թիվը 30-ից բարձրացվեց 35-ի, որպեսզի ուսուցիչների աշխատավարձը բարձրանա։ Հիմա եթե հակառակն անենք, ապա աշխատավարձը կնվազի։

Հաջորդ առաջարկը կապված է ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածության հետ։ Այսօր մեկ դրույք ունենալու համար ուսուցիչը պետք է շաբաթական դասավանդի 22 ժամ։ Նախկինում այդ ցուցանիշը 18 ժամ էր։ Ուսուցիչներն առաջարկում են իրենց շաբաթական ծանրաբեռնվածությունը դարձնել 18 ժամ։ Այս առաջարկի իրականացումը նույնպես կապված է լրացուցիչ գումարների հետ։ Որպեսզի շաբաթական ծանրաբեռնվածությունը դառնա 18 ժամ, կառավարությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի դպրոցներին։

Ուսուցիչներին մտահոգում է նաև էլեկտրոնային մատյանների լրացումը։ Ըստ ուսուցիչների, օրական շուրջ 30 րոպե ծախսում են էլեկտրոնային մատյանները լրացնելու համար։ Ուսուցիչներն ամեն օր թվանշաններ պիտի նշանակեն աշակերտի օրագրում, Dasaran.am կայքում և մատյանում։ 3 տեղում գրանցում կատարելը, ուսուցիչների գնահատմամբ՝ ավելորդ ծանրաբեռնում է իրենց աշխատանքային առօրյան։

Այսպիսով, տարիներ առաջ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար բարձրացվել է նրանց ծանրաբեռնվածությունը և դժվարացել աշխատանքային պայմանները։ Մասնագիտական գնահատականներով՝ ուսուցչի աշխատանքը համարվում է ամենածանր աշխատանքներից մեկը։ Ըստ գիտական հետազոտությունների՝ 2 դասաժամ պարապելը հավասարազոր է գրասենյակային 4-ժամյա աշխատանքին։

Այս պահին ուսուցչի աշխատանքային պայմանների թեթևացումը հնարավոր է միայն աշխատավարձի իջեցման միջոցով։ Կամ կառավարությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի դպրոցներին, որպեսզի ծանրաբեռնվածության թեթևացումը չհանգեցնի աշխատավարձի նվազման։

Ուսուցիչների աշխատանքային պայմաններն այնքան են վատթարացել, որ երկրորդ պլան են մղվել բովանդակային հարցերը։ Շատ դժվար է ցածր մոտիվացված ուսուցիչների հետ քննարկել կրթության որակի բարձրացման հարցեր։ Իսկ առանց բովանդակային խնդիրների լուծման՝ անհնար է սայլը տեղից շարժել։ Ի վերջո, աշակերտներին քիչ է հետաքրքրում, թե իրենց ուսուցչի աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու աշխատավարձն ինչքան են։

Ստեղծված իրավիճակում պետք է զուգահեռաբար լուծել երկու խնդիր։ Քայլեր ձեռնարկել՝ ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու, և բովանդակային քննարկումներ ծավալել՝ կրթության որակը բարձրացնելու ուղղություններով։  Ուսուցիչները պետք է նստեն կրթական քննարկումների սեղանի շուրջ։ Վերջին շրջանում այդպես չէր։ Ուսուցիչների մասին որոշումներ էին կայացվում՝ առանց նրանց հետ նախնական քննարկումների։

Ուսուցիչների արհմիությունն անգործության էր մատնված։ Չկային ուսուցիչներին միավորող մասնագիտական կազմակերպություններ։ Ուսուցիչները չէին բարձրաձայնում իրենց խնդիրները՝ վերադասի հետ անախորժություններից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս