Թուրքիայում ընտրական գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին
Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են. երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը:
Հունիսի 24-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 59 մլն քաղաքացի: Նախնական դիտարկումներն արդեն վկայում են այն մասին, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բավականին բարձր է եղել:
Արտերկրում բնակվող թուրքերն արդեն իսկ կատարել էին իրենց ընտրությունը հունիսի 7-ից մեկնարկած ու 19-ին ավարտված քվեարկության ընթացքում. այդ նպատակով 60 երկրում բացված էր 123 ներկայացուցչություն:
Ընտրությունները չեն անցել առանց ընտրախախտումների: Ուշագրավ է, որ հատկապես ահազանգեր են ստացվել երկրի քրդաբնակ շրջաններում ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ:
Մասնավորապես, թուրքական մեծ թվով լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ երկրի հարավ-արևելյան Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենա, որում 4 պարկ քվեաթերթիկ է եղել: Ավտոմեքենայում գտնվող երեք անձինք ձերբակալվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, թե Սուրուչի դպրոցներից մեկում ծագած վիճաբանության հետևանքով զոհ է գրանցվել, իսկ ոստիկանությունը առգրավել է քվեատուփերը: Լուրը, սակայն, նահանգապետարանը հերքել է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից այս մասին հայտնել են, որ ունեն տեղեկություն դանահակահարության վերաբերյալ, սակայն զոհ գրանցվելու մասին տեղյակ չեն: Կան ահազանգեր Ուրֆայում այլ խախտումների մասին ևս:
Որոշ ընտրատեղամասերում գրանցվել են վիճաբանություններ տարբեր քաղաքական ուժերիր կողմնակիցների միջև, հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության վստահված անձանց դեմ, քվեաթերթիկների լցոնման փորձեր են արվել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ուրֆայում իրենց վստահված անձինք բռնությամբ հեռացվել են ընտրատեղամասից:
Հետաքննություն է սկսվել 14 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 4-ը` իտալացի, 3-ը` ֆրանսիացի, 6 գերմանացի և 1-ը` իսլանդացի: Նրանք, ներկայանալով որպես օտարերկրյա դիտորդներ, խաբեությամբ փորձել են միջամտել ընտրական գործընթացին:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից: