Բաժիններ՝

Կրթության վերարժևորման հրամայականը

Կրթության զարգացմանը նպաստող, թերևս, ամենակարևոր փոփոխականը երկրի մթնոլորտն է, գերիշխող արժեքային համակարգը։ Անկախության տարիներին Հայաստանում արմատավորված վայրի կապիտալիզմը կրթությունը մղեց լուսանցքային գոտի։ Հատկապես տղաները հաճախ են ասում. ինչո՞ւ եմ սովորում, եթե բազմաթիվ մարդիկ առանց կրթություն ունենալու՝ հարստանում են և պաշտոններ ստանում։ Այս տարիների ընթացքում տարբեր ազդեցիկ պաշտոններում հայտնված, հարստացած, բայց ցածր կրթական ցենզ ունեցող մարդիկ շատ բացասական ազդեցություն ունեցան երեխաների սովորելու մոտիվացիայի վրա՝ դառնալով սխալ օրինակ։

Հիմա ունենք հնարավորություն երկրի վիճակը շտկելու։ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները շատ լավ նախադեպ են, որպեսզի ծնողները, ուսուցիչները, զանգվածային լրատվամիջոցները երեխաներին բացատրեն, համոզեն, որ կրթությունը շատ ավելի մնայուն կապիտալ է, քան նյութական հարստությունը։ Ի վերջո, ցանկացած պահի կարող ես զրկվել նյութական հարստությունից, պաշտոնից, բայց կրթական կապիտալը ոչ ոք չի կարող խլել քեզանից։ Հայաստանում խնդիր ունենք երեխաներին համոզելու, որ չափավոր ապրելակերպը՝ զուգակցված հարուստ ներաշխարհով, շատ գնահատելի է։

Կարելի է ասել, որ Հայաստանում կրթության արժեզրկումը շատ առումներով պայմանավորված է կեղծիքի ու խաբեության առկայությամբ։ Ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ երեխաներ նամակներ են գրել զինվորներին՝ նրանց շնորհակալություն հայտնելով և քաջալերելով։ Բայց պարզվում է՝ մեծերն արհամարհել են երեխաների անկեղծ բարեմաղթանքները՝ դրանք չհասցնելով զինվորներին։ Եվ այս արարքը կապվում է մի մարդու հետ, ում անունը նշված է Հայոց պատմության դասագրքերում՝ որպես Արցախի հերոս։ Կարելի է պատկերացնել, թե ինչ են զգում երեխաները, երբ տեղեկանում են, որ դասագրքում որպես հերոս ներկայացված մարդն իրենց ուղարկած սնունդը, հագուստը և նամակները զինվորներին հասցնելու փոխարեն՝ պահել է իր ամառանոցում։

Իհարկե, Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները զգայացունց են, բայց դրանք եզակի չեն։ Մեկ տարի առաջ առիթ ունեի ներկա գտնվել սովորական մի դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի դասին։ Խոսվում էր ժողովրդավարության, ազատ ընտրությունների, օրենքի գերակայության մասին։ Ուսուցիչը հայտնվել էր ծանր վիճակում, քանի որ աշակերտները փորձում էին հիմնավորել, որ այն, ինչ գրված է դասագրքում, շատ հեռու է հայաստանյան իրականությունից։ Երեխաները խոսում էին այն մասին, որ մեծերի աշխարհում կեղծիքն ու խաբեությունը շատ է։ Թեև ուսուցիչը փորձում էր համոզել, որ ժամանակի ընթացքում խնդիրները կլուծվեն, բայց աշակերտները դասից դուրս եկան այն համոզմամբ, որ սուտն ու կեղծիքը զորեղ են։

Կարդացեք նաև

Կեղծիքի մեկ այլ դրսևորում է թվանշանը։ Այս օրերին բազմաթիվ աշակերտներ, ուսանողներ ստանում են քննական թվանշաններ՝ շատ լավ հասկանալով, որ դա իրենց իրական թվանշանը չէ։ Ավելին, ունենք դեպքեր, երբ ուսուցչի մոտ մասնավոր պարապող երեխան ստանում է չհիմնավորված բարձր գնահատական։ Իսկ ծնողը փոխանակ մտահոգվելու երեխայի իրական գիտելիքների մակարդակով՝ կարևորում է կեղծ թվանշանը։

Հասկանալով, որ կեղծիքը գործուն տեղ ունի կրթության համակարգում, սովորողներն էլ իրենց հերթին են դիմում կեղծիքների։ Ուսուցիչները բարձր գնահատականներ են նշանակում աշխատանքների համար, որոնք երեխան ինքը չի կատարել։ Օրինակ՝ դպրոցներից մեկում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչն ավելի բարձր էր գնահատել այն աշխատանքը, որը կատարել էր աշակերտի մորաքույրը։ Իսկ ինքնուրույն աշխատած աշակերտն ավելի ցածր գնահատական էր ստացել։ Նույն վիճակն է քննությունների, կուրսային աշխատանքների և թեզերի պարագայում, երբ արտագրող կամ պատրաստի աշխատանք գնող սովորողն ավելի բարձր գնահատական է ստանում, քան ինքնուրույն գրողը։

Կեղծիքների այս շարքը կարելի է շարունակել։ Ստեղծված իրավիճակում լուծումը վերահսկողության ուժեղացումը չէ։ Հաճախ վերահսկողության ուժեղացումը բերում է կեղծիքների էլ ավելի խորացմանը։ Լուծումը կրթությունն արժեզրկված, կեղծիքներով լեցուն վիճակից դուրս բերելն է։ Դուք կարող եք հիանալի ուսումնական ծրագրեր գրել, աշխատավարձ բարձրացնել, ուսուցիչների մասնագիտական որակները բարձրացնել։ Բայց այդ ամենը ոչ մի էական փոփոխություն չբերի։

Առաջին քայլը, որ պիտի անենք, կրթության նկատմամբ հարգալից հանրային վերաբերմունքի ձևավորումն է։ Կրթությունը պիտի դուրս բերենք լուսանցքային վիճակից և դարձնենք հանրային հոգատարության թեմա։ Պետք է մեր պետական համակարգում տեղ չունենան անկիրթ մարդիկ, եթե նույնիսկ այս կամ այն ճանապարհով ձեռք են բերել դիպլոմներ։ Երեխաները պետք է տեսնեն, որ Հայաստանում կիրթ մարդու հանդեպ կա ակնածանք։

Երեխաները պիտի տեսնեն, որ մեծերը չեն արհամարհում իրենց գրած նամակները՝ դրանք պահելով կենդանիների սննդի պահեստում։ Երեխաները պիտի զգան, որ մեծերն իրենց չեն խաբում։ Միայն այս քայլերի դեպքում նրանց մոտ կառաջանա սովորելու ձգտում, և մենք կկարողանանք քայլ առ քայլ վերածնել մեր կրթական համակարգը։ Հիմա կրթությունը վերարժևորելու հարմար պահ է, որը բաց թողնելու իրավունքը չունենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս