Բաժիններ՝

Ավստրալիայում մահացել է մոլորակի ամենատարեց օրանգուտանը

62 տարեկանում Ավստրալիայի հարավի Պերտ քաղաքի կենդանաբանական այգում մահացել է մոլորակի ամենատարեց օրանգուտանը: Այդ մասին հաղորդվում է կենդանաբանական այգու պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Պուան անունով սումատրական էգ օրանգուտանին անասնաբույժների զննումից հետո քնեցրել են ծերանալու հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնք բացասաբար են ազդել նրա կյանքի որակի վրա, ասված է հաղորդագրության մեջ: «Միշտ էլ դժվար է նման որոշում ընդունել ցանկացած կենդանու համար, բայց դա ճիշտ որոշում էր եւ արժանավայել վախճան տարեց տիկնոջ համար»,-հայտարարել է պրիմատների բաժնի վարիչ Հոլլի Թոմփսոնը:

Կենդանաբանական այգում նշել են, որ գերազանց բուժօգնության շնորհիվ Պուանը կարողացավ ապրել մինչեւ 62 տարեկան, ինչը գերազանցում է ազատության մեջ նրա տեսակի կյանքի սովորական տեւողությունը: Վայրի բնության մեջ օրանգուտանները հազվադեպ են անցնում 50 տարեկանի սահմանագիծը, նույնիսկ եթե սպառնալիքների չեն ենթարկվում: 2016 թվականին Պուանին Գիննեսի ռեկորդների գրքում են գրանցել որպես աշխարհում ամենատարեց սումատրական օրանգուտան:

Երկարակյացը մեծ սերնդի մայր  է դարձել. նա ունեցել է 11 ձագ: Այժմ նրա 54 հետնորդներ ապրում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում եւ Սումատրայի ջունգլիներում: Պուանը կորցրել է երկու դուստրերի ու չորս ծոռների: Նյարու անունով նրա ծոռն այսօրվա դրությամբ վերջին օրանգուտանն է, որին բաց են թողել ազատության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս