Բաժիններ՝

Մոտեցել է լրագրողին, հարվածել նրան. ոստիկանը՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգութունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն: Վերջինս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իր գործողությունների ընթացքը, մոտեցել է լրագրողին, հարվածել նրան, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումներն ու լրագրողական վկայականի առկայությունը, մեկ այլ անձի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար օպերլիազոր Ս. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս