Աճեմօղլուն Հայաստանի տնտեսությունում ինստիտուցիոնալ փոփոխություններ անելու ծրագիր չունի
«Ուրախ եմ, որ կարող եմ խորհուրդներ տալ, բայց դրանից ավելին անելը դժվար կլինի դրսի մարդու համար»,- այս մասին այսօր ՀՀ ԱՀ-ում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն:
Հարցին, թե արդյոք ինքն ունի՞ Հայաստանի տնտեսությունում ինստիտուցիոնալ փոփոխություններ անելու ծրագիր, Աճեմօղլուն պատասխանեց.
«Բայց ես չեմ հավատում, որ կա պարզ ծրագիր, որը կարող է գծվել: Կան բաներ, որոնց մասին մենք գիտենք աշխարհում ամենալավ փորձերից, որոնք Հայաստանի դեպքում կարող են արդյունավետ լինել: Բայց երբ ինձ այդ հարցը տալիս են, ես ասում եմ, որ դրսի մարդը երբեք չի կարող գծել որևէ բան կամ իրականացնել որևէ բան, սա այն մարդկանց պատասխանատվությունն է, որոնք Հայաստանում են և կարող են ձևավորել ինստիտուցիոնալ փոփոխություններ: Ես ուրախ եմ, որ կարող եմ խորհուրդներ տալ, բայց դրանից ավելին անելը դժվար կլինի դրսի մարդու համար, որը չի հասկանում պատմական, քաղաքական կոնտեքստը, այն դժվարությունները, որոնց քաղաքականությունն ու տնտեսական քաղաքականությունն առերեսվում են»:
Նա նաև հավելեց, որ սա հուզիչ ժամանակահատված է, մեծ հնարավորություն Հայաստանի համար:
«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք աջակցելու այս գործընթացին»,- նման կերպ ամփոփեց իր խոսքն աշխարհահռչակ տնտեսագետը: