Բաժիններ՝

«Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացներին». Արթուր Գևորգյան

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ է  տեղափոխել: Մի քանի ժամ շարունակվող գործողություններից հետո ԱԱԾ ներկայացուցիչները սև տոպրակներով դուրս են եկել շենքից, դրել դրանք բեռնատարի մեջ ու հեռացել:

Օրվա կեսին ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է»:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ «Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»։

ԱԱԾ գործողությունները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին, որոնք պարզաբանելու նպատակով 168.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին։

Կարդացեք նաև

«Այո, այսօր մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է կատարում Երևանի քաղաքապետարանում՝ հիմք տալով ոմանց՝ դրա հետ կապված ինչ-ինչ մեկնաբանություններ, ենթադրություններ ու դատողություններ անել։ Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ հատուկ գործողությունն իրականացվել է ոչ թե Երևանի քաղաքապետարանում, այլ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում, ինչն ավելի ուշ ընդգծվել է նաև ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Հերթական անգամ հորդորում ենք բոլորին զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս