ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,- նշեց Գալստյանը:
Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել են դատարան «Երևան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նիստի օրակարգը կցված չէ: