Նաիրա Զոհրաբյանը գտնում է՝ նոր կառավարությունը հնի նման փորձում է թիրախավորել Գագիկ Ծառուկյանին. «Սա ուղղակի անթույլատրելի է»

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, դա փաստ է, ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով Բարեգործության մասին այս օրենքը, ուներ որպես թիրախ՝ միայն Գագիկ Ծառուկյանին»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ դա հասկանալի է, բայց իր համար մի բան է անհասկանալի. «Հասկանալին այն չէ, թե ինչու է այս կառավարությունը, որպես իր օրենսդրական առաջին նախաձեռնություններից մեկը,  բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է ևս 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը, և փորձում դրանով  կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին։ Այդ ո՞վ է լինելու այդ մեկը, ով որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու, թե ինչը պետք է համարել բարեգործություն, ինչը չպիտի համարել բարեգործություն։ Էդ ո՞նց եք որոշելու, գիր-ղուշո՞վ եք որոշելու, թե՞ ըստ Ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ՝ ինչ արել է Գագիկ Ծառուկյանը՝ որպես բարեգործ, որևէ քաղաքական կոնտեքստ չի եղել։ Անհարմար է, չի կարելի, սա ուղղակի անթույլատրելի է»։

Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ, եթե ոմանց թվում է, թե բերելով այս օրենքը՝ իրենք վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա սխալվում են. «Դուք վատություն եք անելու սոցիալական այն խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից, որովհետև մեր պետությունն այսօր իր ուսերի վրա նման բեռ չի կարող տանել։ Եթե այս օրենքը բերվի և անցնի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը, ու բոլոր  շահառուներին, որ կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն»։

Տեսանյութեր

Լրահոս