Բաժիններ՝

ՄԱԿ-ում անհանգստացած են Սիրիայում հումանիտար գործողությունների համար միջոցների պակասից

Ներկայում դոնորների խոստացած միջոցների միայն մեկ քառորդից փոքր-ինչ ավելին է ստացվել Սիրիայի բնակչությանը օգնություն ցուցաբերելու ծրագրերի համար: Ֆինանսավորման հատկացման դանդաղ տեմպերի կապակցությամբ անհանգստություն է հայտնել ՄԱԿ-ի սիրիական ճգնաժամի խնդրով տարածաշրջանային համակարգող Փանոս Մումցիսը։

«Արդեն տարին կիսել ենք, եւ այդ միջոցների մոտավորապես 26 տոկոսը չափազանց քիչ է»,-ասել է նա: Մումցիսը պարզաբանել է, որ ապրիլի 24-25-ին Բրյուսելում կայացած դոնորական խորհրդաժողովի մասնակիցները 4,4 մլրդ դոլար են խոստացել Սիրիայում եւ հարեւան այն երկրներում գործողությունների համար, որտեղ սիրիացի փախստականներ են գտնվում: Սիրիայում կարիքավոր մարդկանց համար նախատեսված 3,51 մլրդ դոլարից առայժմ ստացվել է միայն 946 մլն դոլար, այսինքն՝ անհրաժեշտի 26,9 տոկոսը: «Հաշվի առնելով բնակչության տեղաշարժերի եւ հումանիտար պահանջների մակարդակը՝ դա չափազանց քիչ է»,-արձանագրել է տարածաշրջանային համակարգողը:

Մումցիսը հայտնել է, որ մտադիր է հանդիպում ունենալ դոնորների հետ եւ քննարկել ֆինանսավորման հետ կապված իրադրությունը: «Ներկայում մենք պետք է ստացած լինեինք ոչ թե 26 տոկոսը, այլ 50 տոկոսը», որպեսզի կրկնապատկենք ֆինանսավորումն այն դրամատիկ իրադրության կապակցությամբ, որը մենք տեսնում ենք Սիրիայում»,-արձանագրել է նա:

Համակարգողի խոսքով՝ տարեսկզբից Սիրիայում իրենց տները լքել են շուրջ 920 հազար մարդ, իսկ ներքին վերաբնակված անձանց ընդհանուր թիվը Սիրիայում հասել է 6,2 միլիոնի: Եվս 5,6 մլն սիրիացիներ ապաստան են գտել իրենց երկրի սահմաններից դուրս:

Սիրիայում կարիքավորներին հումանիտար օգնություն հասցնելու հնարավորությունը խիստ դժվարացած է, հավելել է Մումցիսը: Այժմ ավելի քան 2,05 մլն մարդ գտնվում է դժվարամատչելի, իսկ 11,1 հազար հոգի՝ պաշարված շրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս