«Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է այս կառավարության ծրագրի համար». Արամ Սարգսյան

«Հանրապետական իմ գործընկերների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ այս ամբիոնին մոտենալ»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նկատեց, որ քաղաքական առումով, իհարկե, պետք է լինի պատասխանատու. «Բայց եկեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը։ Այն ելույթը, որ ունեցով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կառավարության ծրագրի ուղերձն էր, որն ավելի լավն էր, քան՝ ծրագիրը, այդ ուղերձի մասին մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է։ Մենք ուզո՞ւմ եք նման Հայաստան ունենալ, թեև համոզված եմ, որ այստեղ նստածներից բոլորն ուզում են»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն արել է այս ժողովուրդը. «Այդ ժողովուրդն է պարտադրել, որ մեր երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ դրա արդյունքում մեծամասնություն կազմող իշխանության նախագահը կամ վարչապետն ասի՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի։ Ու լավ է արել, որ ասել է։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, որ այդ ժողովուրդն ու կառավարությունը  հաջողության հասնի՞, թե՞ պարտվի։ Իհարկե՝ հաջողության հասնի, հետևաբար՝ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է այս կառավարության ծրագրի համար, մենք մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք»։

Ա. Սարգսյանն ասաց, որ ինքը նկատի չունի, որ չպետք է ընդդիմություն լինի. «Հակառակը՝ ՀՀԿ-ն շատ լավ ընդդիմություն է։ Ես միանում եմ Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, որ ԱԱԾ-ն լուրջ ֆունկցիաներ ունի, և թող ինքն իր ֆունկցիաների մեջ բիզնեսի շրջանակում շարունակի իր գործունեությունը, և եկեք որևէ մեկին չկծենք։Ես միանում եմ պարոն Շարմազանովի դիտարկմանը, ես չեմ պատկերացնում աշխատատեղերի ստեղծում՝ առանց լեռնամետալուրգիայի։ Իհարկե, առաջնահերթություն են նոր տեխնոլոգիաները, բայց այդ նոր տեխնոլոգիաները 5-6-10 հազար մարդ են ներառելու, աշխատատեղերով ապահովելու է արդյունաբերությունը»։

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ քաղաքական առումով կառավարության ծրագրի համար պատասխանատուն կառավարությունն է. «Բայց մեզնից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝  ինչքան է պատասխանատու այդ գործող կառավարության համար, ես պատասխանատու եմ այդ գործող կառավարության համար՝ որպես մարդ»։

Տեսանյութեր

Լրահոս