«Ճիշտ, թիրախավորված աշխատանքի շնորհիվ Հայաստանը 2-3 տարում կարող է ունենալ աշխատատեղերի ավելցուկ». Թաթուլ Մանասերյան
Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներով. կառավարության նոր ծրագիրն այսպես բնորոշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետը նշեց, որ ծրագրում առկա են բոլոր այն սկզբունքային մոտեցումներն ու հիմնադրույթները, որոնք ակնկալվում էին:
«Ավելի նախընտրելի ու ազնիվ եմ համարում թիրախները, խնդիրները կարճ ձևակերպելը, որոնք կառավարությունը համարում է առավել կարևոր, քան նշել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կամ իրատեսական չէ, կամ երբևէ իրականություն չի դարձել: Առանց բացառության բոլոր կառավարություններն էլ չեն ունեցել այնպիսի ծրագրեր, որոնցում լինեին վատ, տնտեսությանը վնասող դրույթներ, բայց ի սկզբանե վստահ եմ, որ հեղինակներն առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, որ դրանք կարող են իրագործվել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այն նպատակ ունի մոբիլիզացնել հանրությունը իրականացնելու հենց հանրության առջև ծառացած խնդիրները: Ծրագրի տնտեսական հատվածից տնտեսագետն առանձնացրեց հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը: Նրա կարծիքով, գյուղատնտեսության ոլորտը պետք է առանձնացված ներկայացնել և գերակա համարել այն առումով, որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրում, իսկ այդ ոլորտում այս տարիների ընթացքում որևէ հիմնարար խնդիր չի լուծվել:
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ այս ոլորտը պետք է թիրախավորել և՛ տնտեսության զարգացման, և՛ ազգային մրցակցային առավելությունները բացահայտելու, և՛ սոցիալական խնդիրներ լուծելու առումով: Նա կարևոր համարեց նաև ագրարային քաղաքականության համապարփակ հայեցակարգ մշակելը:
«Ինչ վերաբերում է հաջորդ ոլորտներին, ապա, կարծում եմ, զբոսաշրջությանը չպետք է թեթև մոտենալ, որովհետև այն իր մեջ ներառում է բազմաթիվ ոլորտներ, որոնք հենց զբոսաշրջության միջոցով կարող են հնարավորություն ընձեռել իրացնելու Հայաստանի մտավոր կարողությունը, օրինակ, կրթական, առողջապահական տուրիզմ և այլն:
Էլ չեմ խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, որովհետև առանց դրանց շարունակական զարգացման չենք կարող պատկերացնել տնտեսության զարգացումը: Այն մի ոլորտ է, որտեղ իսկապես հասել ենք հաջողության, բայց եթե մեկ օր ետ ընկնենք, ապա մեր մրցակիցներն առաջ կանցնեն»,-ասաց տնտեսագետը:
Խոսելով վերջին շրջանում տարբեր ոլորտներում ԱԱԾ-ի կողմից արված բացահայտումների մասին՝ տնտեսագետը նշեց, որ ուզում է հավատալ, որ դրանք խոր հիմքեր ունեն և շատ ավելի լուրջ են: Թաթուլ Մանասերյանը կողմնակից է նրան, որ բացահայտումները լինեն բոլոր ոլորտներում և ջրի երես հանեն իրական կատարողներին:
«Շատ եմ երկրպագում նոր կառավարությանը, ուզում եմ, որ հաջողեն, սակայն հետադարձ կապի բացակայությունը չի կարող նպաստել մեր ընդհանուր գործին: Այո, կառավարության ծրագիրը համառոտ է, բայց յուրաքանչյուր նախարարություն իր մասով պետք է այն մատչելի ձևով մանրամասնի, ներկայացնի, թե ինչ են ուզում անել և ամեն ամիս հաշվետվություն տա: Ես վստահ եմ, որ հայության մասնագիտական ներուժն ավելի քան բավարար է ի հայտ եկած այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է երկնիշ թվով տնտեսական աճ ունենալ: Նա նկատեց, որ ոմանց մոտ այդ առումով թերահավատություն կա, բայց պետք է դիտարկել Արցախի օրինակը, որը պակաս ռիսկերի տակ չէ, սակայն 2017 թվականին ունեցել է 15 տոկոս տնտեսական աճ:
«Մենք պարտավոր ենք դրա կրկնակին ապահովել, և դրա բոլոր հիմքերը կան: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դա մեր հաշվարկներն են, ճիշտ թիրախավորված, բազմակողմանի աշխատանքի արդյունքում Հայաստանում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարելի է հասնել աշխատատեղերի ավելցուկի: Դրա համար աշխատանքները պետք է լինեն տարբեր ուղղություններով՝ հարկային, մաքսային համակարգ, իրատեսական ծրագրեր, տարբեր ոլորտներում մրցակցային առավելությունների վերհանում, ստվերային տնտեսության դեմ պայքար, կոռուպցիա, որը հզորագույն խնդիր է: Եթե հաջողեցինք, համագործակցություն ունեցանք, ապա, կարծում եմ, շատ հարցեր իրենց լուծումը կստանան: Դրան էլ հավելենք, որ Հայաստանը լավ հարաբերությունների ունի Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի հետ: Սա լավ ալիք է, որը պետք է օգտագործել»,- հավելեց տնտեսագետը: