Թբիլիսիում մետրոյի մեքենավարները դադարեցրել են գործադուլը
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/936309.jpg)
Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները, որոնք երեք օր գործադուլ էին անում աշխատավարձը բարձրացնելու պահանջով, դադարեցրել են բողոքի ակցիան, որին մասնակցում էր շուրջ 500 մարդ, այդ թվում՝ Վրաստանի մայրաքաղաքի գետնուղու 240 մեքենավարները:
«Համաձայնությունը ձեռք է բերված: Մետրոն աշխատանքը կվերսկսի ժամը 14:00-ին»,- հունիսի 6-ին լրագրողներին հայտարարել է մետրոյի մեքենավարների «Էրթոբա 2013» անկախ արհմիության ղեկավար Ռատի Քափանաձեն՝ գիշերը քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո: Նա նշել է, որ գործադուլի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, բայց առայժմ հայտնի չէ՝ երբ եւ որքան կավելանա իրենց աշխատավարձը: Նա հավելել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:
Հունիսի 4-ից Թբիլիսիի մետրոյի աշխատանքի դադարեցումը, որի ծառայություններից օրական օգտվում էին շուրջ 400 հազար ուղեւորներ, խիստ ծանրաբեռնել էր հասարակական տրանսպորտի մյուս տեսակները, որոնք Թբիլիսիում ներկայացված են միայն մունիցիպալ ավտոբուսներով ու երթուղայիններով:
Չնայած այն բանին, որ քաղաքապետարանը գործի էր դրել ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ, վերգետնյա գերբեռնված փոխադրամիջոցները եւ տաքսիների կտրուկ աճած սակագները հանգեցրել էին տրանսպորտային կոլապսի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: