9 պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար
Ազգային ժողովի 10 պատգամավորներ դատարան անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար: Ուշագրավ է, որ երաշխավորագիրը ստորագրողներից մեկն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, մյուս 9 պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են ՝ Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան:
Երաշխավորագրում, որն այսօր ներկայացվեց դատական նիստի ժամանակ, նշվել է, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի, ինչպես նաև չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ:
Ընդ որում` միջնորդությունը բավարարելու դեպքում պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է վճարի 500 հազար դրամ:
Միջնորդությունը քննարկելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանի մահվան մեջ: Նույն ժամանակ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 35-ամյա Արամ Պետրոսյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Մուշեղ Մուշեղյանն ավելի ուշ մահացել էր:
Այս քրգործով մեղադրվում են նաև քրեական աշխարհում հայտնի Արմեն Գասպարյանը (Բդո) և Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ):