Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննություն է տարվում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննարկումներին:

Բալայանը նշեց, որ դեռ անցյալ տարի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հսկայածավալ աշխատանք է կատարել տվյալ հարցով, այս պահին էլ քննարկումների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Սլովակիայում մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում այս պահին: Փառք Աստծո, կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում Հայաստանի դեսպանությանը հավաստիացրել են, որ մատակարարումների հարցով քննություն է ընթանում:

«Խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է: Հուսով ենք, որ քննությունը շուտով կավարտվի, և մեղավորներն արժանի պատիժ կստանան»,- հավելեց Բալայանը:

The Slovak Spectator-ը հրապարակել էր չեխ լրագրողների բացահայտումներն այն մասին, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Լրագրողներն ընդգծել էին, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է: Նշվում էր, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է:

Տեսանյութեր

Լրահոս