Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու և առանց մտավախության ստանձնում էր ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչքան խութեր կան առջևում: Թերևս նաև դա էր պատճառը, որ նա նույնքան համարձակորեն ու առանց աչք թարթելու սկսեց ողջ պետական ապարատի փոփոխությունը՝ հնից ազատվելու և ամեն ինչ նորացնելու ծրագրով: Բայց մեկ ամիսն էլ բավական եղավ հասկանալու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նա դարձել է «հրշեջ» և զբաղված է այսուայնտեղ ծագող հրդեհները մարելով:
Մի օր աշխատակազմի ղեկավարն է «մոռանում» պատշաճ հրավեր ուղարկել ԱԺ նախագահին, և վարչապետը ստիպված է կառավարության անունից ասել, որ «թյուրիմացություն» է եղել: Մի օր էներգետիկայի նախարարն է հայտարարում, որ ԲԷՑ-երը՝ բարձրավոլտ էներգացանցերը, «մնալու են պետական», և վարչապետը ստիպված է հաջորդ օրը կառավարության նիստում սրբագրել նախարարի ասածը՝ որ դեռ նման որոշում չկա:
Մի օր առաջին փոխվարչապետն է վերցնում վարչապետի ինքնաթիռն ու հայդե՝ Դուշանբե, և վարչապետը ստիպված է կանոնակարգել այդ հարցերը: Մի օր Դավիթ Սանասարյանն է ստատուս գրում, թե՝ մի սեփականաշնորհեք թավշյա հեղափոխության գործիքները՝ պայքարելու իրավունք բոլորն ունեն, անգամ՝ ՀՀԿ-ականները, իսկ վարչապետը «լայվ» է մտնում և այդ պայքարը կոչում սաբոտաժի դրսևորումներ: Մի բան պարզ է, որ իշխանության եկած թիմը շատ անփորձ է, և նրանցից շատերին բարձր պաշտոններ վստահելը, եթե չասենք՝ չմտածված, ապա բավականին խիզախ քայլ էր, դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:
Եթե սրան գումարենք նաև այն, որ մի քանի ֆալստարտ հնչեցին՝ Երևանի քաղաքապետին և դատախազին ուղղված ուլտիմատումների տեսքով, պարզ կդառնա, որ հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: