Բաժիններ՝

Երևանում մեկնարկել է Fashion Forum Yerevan 2018-ը

Այս օրերին Երևանում անցկացվում է «Fashion Forum Yerevan 2018»-ը: Ֆորումը մեկնարկել է հունիսի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությամբ:

Միջոցառումն անցկացվում է «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի հետ համատեղ:

Կազմակերպիչները նշում են, որ «Fashion Forum Yerevan 2018»-ը եզակի հնարավորություն է ստեղծում հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, ինֆլուենսերների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը: 

«Սա առաջին քայլն է դեպի միջազգային նորաձևության հարթակ, որտեղ գիտելիքը և կապերը հաջողության բանալի են»:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման խոսքում նշում է, որ շատ ոգեշնչող է տեսնել այդքան երիտասարդ և տաղանդավոր մասնագետների, և իրենք ուրախ են աջակցել Հայաստանում մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը` որպես երկրի տնտեսության համար մեծ ներուժ ունեցող ճյուղ:

«Սա շատ կարևոր միջոցառում է, որ թույլ կտա երիտասարդներին հետագայում զարգացնել իրենց ստեղծարար մտածելակերպը»:

Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Մաթիաս Քինսլերը կարծում է, որ ամեն բան հնարավոր է: Որպես օրինակ՝ նա պատմում է Բեռլինի օրինակը, որի քաղաքապետը 15 տարի առաջ ասել էր, որ քաղաքը խղճուկ է, բայց հմայիչ տեսք ունի: Ըստ Մաթիաս Քինսլերի՝ այդ խոսքերով Բեռլինի քաղաքապետը ակնարկում էր այն ստեղծարար ոգին, որ կար Բեռլինում:

«Եթե դուք որպես ճանապարհ ընտրում ես ստեղծարարությունը սեփական երկում, ապա կհաջողես»: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Մենք, իհարկե, հպարտանում ենք այն մշակույթով, որ ունենք և պետք է պահպանենք այն ժառանգությունը, որ ունենք: Միևնույն ժամանակ մենք պետք է կարողանանք հարստացնել և նոր մոտեցումներ հանդես բերել: Այս առումով, կարծում եմ, որ շատ մեծ է համագործակցությանը եվրոպական երկրների հետ, որոնք անմիջականորեն ազդեցություն են ունենում ոլորտի զարգացման վրա»,-նշում է ՀՀ մաշկույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշում է նաև, որ տարիներ առաջ բարդ էր պատկերացնել նորաձևության և մշակույթի նախարարության կապը, և ինքը առանձնահատուկ է ողջունում նման միջոցառումները:

Նշենք նաև, որ «Fashion Forum Yerevan 2018»-ին աջակցում է Եվրոպական միությունը «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում: Ֆորումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ» նախաձեռնությունը՝ իր գործընկերների հետ համատեղ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս