«Եկել եմ ծառայելու Շիրակի քաղաքացուն». նորանշանակ մարզպետն արդեն աշխատավայրում է
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստից անմիջապես հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը շտապել է մարզ: Թեև մարզպետը դեռ պաշտոնապես մարզպետարանի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին չի ներկայացվել, այնուամենայնիվ, մինչ հայեցակարգային որոշ գործառույթներ իրականացնելն արդեն աշխատավայրում է: Տեղակալներին ու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ընդունելուց հետո, նորանշանակ մարզպետը, չմերժելով լրագրողների խնդրանքը, ընդունեց նաև նրանց:շ
Մինչ մարզի խնդիրներին անդրադառնալը՝ լրագրողների խնդրանքով մարզպետը ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունը. կենսաբան է, կենսաֆիզիկոս, կենդանաբան, երկար տարիներ մանկավարժությամբ է զբաղվել Գյումրու բժշկական քոլեջում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: ՏԻՄ վերջին ընտրություններին եղել է թեկնածու, գլխավորել է շտաբը: 2017 թվականին ղեկավարել է «Ելք»-ի մարզային կառույցը: Քաղաքականությամբ զբաղվում է 3 տարի: Մարզպետ նշանակվել է թիմակիցների առաջարկով: Լինելով մարզից՝ շատ ավելի լավ է պատկերացնում մարզի խնդիրները:
«Ես այստեղ ծնված, այստեղ մեծացած, բոլորի հոգսերն ու կարիքները գիտեմ: Եղել եմ մարզի գրեթե բոլոր գյուղերում, գիտեմ հոգսերը: Ես ձեզանից մեկն եմ, տեղյակ եմ մարզի առաջ ծառացած ցանկացած խնդիրներին, ինչը, միանշանակ, հեշտացնում է իմ աշխատանքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Սարուխանյանը:
Խոսելով մարզի խնդիրների առաջնահերթություններից՝ մարզպետն ընդգծեց գործազրկությունը: «Մարզում լուրջ խնդիր է գործազրկությունը, աղետից 30 տարի անց կա բնակարանի խնդիր: Շատ խնդիրներ կան, բայց առաջնայինը համարում եմ աշխատեղերի հարցը: Մենք պետք է լինենք բաց բոլորի համար՝ բոլոր այն կազմակերպություններին ու ընկերություններին, որոնք պատրաստ են թեկուզ 1 լումա բերել մարզ, մենք կաջակցենք: Բոլորի հետ աշխատելու ենք»,- հավելեց նա:
Նորանշանակ մարզպետի խոսքով՝ կադրային փոփոխություններ կլինեն, բայց ոչ նրանց հանդեպ, ովքեր աշխատող են: «Անշուշտ, կադրային փոփոխություններ կլինեն, բայց նրանք, ովքեր կարողանում են աշխատել, կշարունակեն աշխատել. դա նաև վերաբերում է վարչության պետերին»,-նշեց մարզպետը՝ վստահեցնելով, որ շատ դեպքերում հաշվի է առնելու նաև ժողովրդի բողոքը:
Կարեն Սարուխանյանը նշեց նաև, որ մարզում լուրջ կոռուպցիայի դեմ պայքար է սկսվելու ու առաջինը՝ կրթական ոլորտից:
«Հայաստանում շատ բան է փոխվել՝ թե մտածելակերպը, թե դրսից հայացքը դեպի Հայաստան: Մեր երկիրը, որպես ժողովրդավարական երկիր, բավական բարձր դիրք է այսօր գրավում, այնպես որ կփորձենք անել ամեն ինչ ներդրողներին աջակցելու ու ներդրումների մուտք ապահովելու համար: Մենք եկել ենք ծառայելու Շիրակի քաղաքացուն»,-ավելացրեց Կարեն Սարուխանյանը` վստահեցնելով, որ նախկինում սկսած ամեն մի լավ ծրագիր կշարունակվի:
Արմենուհի Մխոյան