ՀՀ բանկերի ակտիվները 2018-ի հունվար մարտին աճել են 70 մլրդ դրամով
2018 թվականի մարտի 31-ի դրությամբ` ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 4 տրլն 434.3 մլրդ դրամ։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ բանկերի ակտիվներն աճել են շուրջ 70 մլրդ դրամով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, 2018 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի արդյունքներով՝ 17 բանկերից 15-ը աշխատել են շահույթով, 2-ը՝ վնասով։
Շահույթով աշխատող բանկերի ընդհանուր շահույթը այս ընթացքում կազմել է 16.4 մլրդ դրամ, իսկ վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը՝ 4.3 մլրդ դրամ։ Այսպիսով, բանկային համակարգի ընդհանուր շահույթը կազմել է 12.1 մլրդ դրամ։
Տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ առևտրային բանկերի մասնաճյուղերի թիվն աճել է 2-ով՝ 526-ից հասնելով 528-ի։