Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրների վարչապետները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Դուշանբեում

ԱՊՀ-ի երկրների վարչապետները կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Դուշանբեում կայացած նիստի արդյունքներով ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, որոնք վերաբերում են տնտեսության մեջ, ինովացիոն գործունեության բնագավառում, բնապահպանության, բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Մտավոր սեփականության շուկայի ձեւավորման ու զարգացման մասին համաձայնագրով նախատեսվում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արժեքի գնահատման մեխանիզմի զարգացում, ինովացիոն մենեջմենտի, այդ ոլորտում տեխնոլոգիաների առեւտրայնացման ուղղություններով կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում: Եվս մեկ համաձայնագիր ուղղված է էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների օգտագործման օպտիմալացմանը եւ դրանց օգտահանման տարածաշրջանային համակարգի ստեղծմանը: Մաքսային վարչարարությունը կատարելագործելու համար արձանագրություն է ստորագրվել Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին 1994 թվականի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Այդ փաստաթղթին համապատասխան, հնարավորություն է ստեղծվում հարցումներ փոխանակել ոչ միայն ԱՊՀ-ի երկրների կենտրոնական, այլեւ անմիջականորեն տարածքային մաքսային մարմինների միջեւ, փոփոխություններ են մտցվում Համաձայնագրի մի շարք հոդվածներում, որոնք վերաբերում են դրա կիրառմանը, տեղեկությունների փոխանցմանը, հարցման ձեւին, բովանդակությանն ու կատարմանը, ստացված տեղեկատվության օգտագործմանը:

Բացի այդ, ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հաստատվել են էներգետիկայի ինովացիոն զարգացման, առաջավոր էներգետիկական տեխնոլոգիաների մշակման բնագավառում համագործակցության հայեցակարգը եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանը: Վարչապետները հաստատել են միջպետական ինովացիոն նախագծերի մշակման եւ դրանց ֆինանսավորման կարգը մինչեւ 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք այլ որոշումներ:

Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել է, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղազախստանում: Լեբեդեւի խոսքով՝ պատվիրակությունների ղեկավարները հանգամանորեն կարծիքներ են փոխանակել Համագործակցության շրջանակներում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ:

Նեղ կազմով աշխատանքի ընթացքում վարչապետները «Ղազախստանի Հանրապետության առաջարկությամբ որոշում ընդունեցին ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Աստանա քաղաքում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս