«Այս քանի օրերի ընթացքում մարդիկ ընկած ճանապարհային ոստիկան են ման գալիս․ չգիտես՝ ինչու, միանգամից բոլորը գնացին արձակուրդ»․ Փաստաբան
«Բոլոր տուգանքները վճարած քաղաքացիները, ովքեր պարտաճանաչ են եղել, բոլորն էլ մտահոգություն են հայտնում, ու անարդարության զգացում է իրենց մոտ առաջացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը՝ խոսելով արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:
Փաստաբանի խոսքով՝ կոպիտ խախտումները ներել պետք չէ․ «Մենք կոչ ենք անում՝ խիստ վերահսկողություն իրականացվի, բայց այն տեղավորվի վարչապետի հայտարարած գաղափարախոսության մեջ․ մարդկային վերահսկողություն լինի։ Իհարկե, ողջունելի է, որ նվազ նշանակության խախտումները չեն արձանագրելու, բայց, միևնույն է, դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնել պետք է, որ ծայրահեղության չհասնի։ Լավ է, որ կանոնակարգվի երթևեկությունը, քաղաքում խայտառակ վիճակ է։ ՃՈ-ն առաջին հերթին իր աչքի գերանը պետք է տեսնի ու բուժի, հետո անցնի ուրիշին»։
Ա․ Խաչատրյանը նկատեց, որ արգաչափերը չեն հանվում․ «Պարզապես որտեղ 60-ից ցածր է թույլատրվել արագությունը, թույլատրելու են մինչև 60 երթևեկեն, դրա փոխարեն՝ հարթակները բարձրացնելու են, որ արհեստականորեն կանոնակարգեն»։
Փաստաբանը նաև անդրադարձավ անցած մի քանի օրերի երթևեկությանը․ «Այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել փողոց՝ արդարություն էին պահանջում ու դրա համար պայքարում էին, շատ նորմալ, պարկեշտ վարում են։ Այն մարդիկ, ովքեր նախկինում խախտումներ են արել, ներկայումս էլ են անում, բայց դա արդեն սկսել է աչք ծակելը։ «Չի կարելի» ասելով չի, դրան վերահսկողություն է պետք։ Եթե նկատել եք, այս քանի օրերի ընթացքում մարդիկ ընկած ճանապարհային ոստիկան են ման գալիս․ չկան։ Չգիտես՝ ինչու, միանագամից բոլորը գնացին արձակուրդ, երևի վայել չի՝ այդ աշխատավարձով դուրս գան փողոց։ Նախկին թերությունները չեն վերացնում, բացարձակապես ոչ մի բան չեն անում՝ բացի գիծ թարմացնելուց։ Բոլոր խնդիրներն առկա են ճանապարհներին»։