«Միակ իրավական տարբերակը արտահերթ ընտրությունն է». Նաիրա Զոհրաբյան

«Մեկ բան հստակ է, և պատահական չէ, որ ես գլխավոր դատախազին հարց ուղղեցի, որ 20 և ավելի տարիներ մեր իրավապահ համակարգի գերակշիռ մասը աշխատել է կախված այս սուպեր հեռախոսից, թե իրեն ինչ կզանգեն և ինչ դատական վճիռ կթելադրեն նախագահական նստավայրից: Այդ մարդկանցից շատերը այսօր հայտնվել են անհասկանալի իրավիճակում:

Ես ուզում եմ հասկանալ` այդ մարդիկ ունա՞կ են այլևս անկախ մտածելու, ունա՞կ են այլևս կայացնելու անկախ դատավճիռ և չսպասելու, որ հիմա էլ կառավարությունից կամ մեկ այլ շենքից իրենց զանգելու են, թե՞ ոչ: Որովհետև այդ մարդկանցից շատերի մեջ սպանել են ազատ մտածելու ունակությունը: Դա ամենալուրջ խնդիրն է այսօր: Եվ մարզպետները տարիներ շարունակ կախված են եղել նախագահականի «կրյուչոկից»: Ես չեմ կարող պատկերացնել, որ այդ մարդիկ այլևս ունակ են մտածելու ազատ»,- 168.am-ի հարցին` ընտրություններին ընդառաջ անհրաժե՞շտ է մարզպետների փոփոխություն, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` այդ մարդիկ չեն կարող փոխվել, և ինքը նման տրանսֆորմացիաների չի հավատում:

«Ես կարծում եմ, որ պետք է փոխվեն բոլորը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Մեր հարցին` իսկ Երևանի քաղաքապետի փոփոխությունը ևս անհրաժեշտությո՞ւն է, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ, եթե մարդիկ ունակ են փոխվելու, քննարկելու խնդիր է.

«Բայց ես չեմ հավատում, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կատարել են պատվեր, կարող են փոխվել: Շատ դեպքերում ասում են` դե, իրենք ստիպված են եղել, ոչ պաշտոնյան ունի ընտրություն: Ես հասկանում եմ, որ ընտրության հաջորդ տարբերակը սեփական պաշտոնի մանդատը դնելն ու հեռանալը կարող է լինել շատերի դեպքում, բայց ամեն դեպքում մարդն ունի ընտրություն: Եվ եթե մարդն ընտրում է կամակատար լինելը, նայեք դատավորներին` ինչ է կատարվում: Մենք ամեն մեկս պետք է սովորենք ապրել և աշխատել նոր իրավիճակում:

Քաղաքացին, որ դուրս էր եկել, իր իրավունքն էր պաշտպանում, պետք է հիմա սովորի, որ եթե հիմա արտահերթ ընտրություն լինի, նորից չպետք է գնա քաղաքական կուսակցությունների դռան դիմաց սպասի իր 10 հազար, 20 հազար, 5 հազար դրամին»:

Ն.Զոհրաբյանի խոսքով` ռեյտինգային ընտրակարգով ընտրության գնալ՝ կնշանակի, որ արդյունքը կրկին վստահություն չի ներշնչի, որովհետև այդ ընտրակարգով ընտրությունը եղել է անձերի և ռեսուրսների միջև, և ոչ թե՝ գաղափարների, այսինքն` եղել է բացարձակ ապաքաղաքական ընտրություն:

Նա նշեց, որ ԲՀԿ փորձագետներին տրվել է հանձնարարական` կարճ ժամկետում նախապատրաստել ԸՕ փոփոխություններ` հանելով ռեյտինգայինը և ներառելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի առաջարկություններ, իսկ հ/կ-ների հետ քննարկելու են կրկնաքվեարկությունները բացառելու մեխանիզմ ներդնելու հարցը, որը մեր արատավոր համակարգի հիմնական խնդիրն է եղել:

Եթե քաղաքական ուժերի միջև լինի կոնսենսուս, Ն. Զոհրաբյանի կարծիքով, մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը` հուլիսի 15-ը, կարող են ընդունել ԸՕ-ն, ապա այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և աշնան վերջը շատ ադեկվատ ժամկետ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ ունենալու համար:

«Ես կարծում եմ` ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակը պետք է հանգուցալուծվի, իսկ դրա միակ իրավական տարբերակը արտահերթ ընտրությունն է, որովհետև խորհրդարանում կարող են պարբերաբար լինել քաղաքական ճգնաժամեր»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարծես թե չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների և ուզում է պահպանել մեծամասնությունն ԱԺ-ում, արդյոք չե՞ն խոչընդոտի, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե լինեն խոհեմ, չեն խոչընդոտի: Բայց դատելով իրենց հայտարարություններից, դատելով իրենց տրամադրվածությունից իրենք կարծես թե հակված չեն շատ մոտ ժամկետներում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Բայց ես կարծում եմ, որ այլևս չպետք է ուշացնել և պետք է սկսել խորհրդակցություններ քաղաքական ուժերի միջև: Մենք այս խնդիրը պետք է լուծենք քաղաքական կոնսենսուսով, որովհետև Սահմանադրության հայրերը, ովքեր ձևել էին Սահմանադրությունը Հանրապետական կուսակցության և նրա առաջնորդի վրայով, արել են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս անելանելի տուպիկային իրավիճակներ ստեղծեն խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական լուծումների գնալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս