«Ես կոչ եմ անում գլխավոր դատախազին` հրաժարական տալ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց քաղբանտարկյալների թեմային` փորձելով պարզաբանումներ մտցնել՝ ովքե՞ր են նրանք, և ինչպե՞ս կլուծվի նրանց ճակատագիրը քաղաքական նոր իրավիճակում:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ գուցե համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ որևէ երկրի իշխանություն ընդունում է, որ իր պետության ներսում կան քաղբանտարկյալներ, որովհետև, որպես կանոն, նման իրականությունը որևէ իշխանության կողմից երբեք չի խոստովանվում:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» խնդրին` Ավետիք Իշխանյանը նկատեց՝ նրանք խղճի բանտարկյալներ են. «Այստեղ, իհարկե, քաղաքական ենթատեքստ կա, և կարելի է նրանց համարել քաղաքական բանտարկյալներ և պահանջել արդար դատավարություն, բայց եկեք չանտեսենք նաև հետևյալ փաստը՝ երբ որևէ երկրում տեղի է ունենում զինված ապստամբություն կամ զինված ապստամբության փորձ, և հսկայական քանակությամբ զանգվածներ նրանց ուղղակի պաշտպանում են, սա ի՞նչ է նշանակում, որ այդ հսկայական զանգվածն անմեղսունա՞կ է: Գիտե՞ք, որ «Սասնա ծռերին» նույնիսկ երգ է նվիրվել, ի՞նչ է սա:

Սա նշանակում է, որ Հայաստանում մի այնպիսի ռեժիմ էր, որ մարդիկ իրենց հույսը կապել էին նույնիսկ այսպիսի հանգուցալուծման հետ: Սա նշանակում է, որ Հայաստանում տարիներ շարունակ ստեղծված իրավիճակն էր, որ այդ մարդկանց ստիպել էր գնալու զինված ապստամբության ճանապարհով, չնայած Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ կար նաև այլ ճանապարհ:

Եթե հիմա մենք քայլում ենք ժողովրդավարության ճանապարհով, և հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակենք քայլել, ապա իրադրություն չի՞ փոխվել արդյոք, և պարզ չէ՞, որ նման իրավիճակում նրանք այդպես չէին վարվի: Ինչ վերաբերում է այդ ընթացքում սպանված ոստիկանների հանգամանքին, ապա սպանության մեջ կասկածվողներին պետք է դատել, ապահովելով արդար և թափանցիկ դատավարություն»:

«Ինչպե՞ս պետք է լուծել քաղբանտակյալների խնդիրը» հարցին Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ հանրությունը թագավոր է փնտրում՝ կարծելով, որ Նիկոլ Փաշինյանի մի հրամանով կարող է ազատ արձակել բանտերում փակվածներին.

«Ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը դատախազ չէ, մյուս կողմից՝ նա հայտարարում է, որ ինքը հանձնարարականներ չի տալու, իսկ մեր դատական մարմինները, ինչպես գիտեք, տարիներ շարունակ սովոր են եղել աշխատելու միայն կոնկրետ հանձնարարականներով:

Այս նույն ֆոնին ինձ շատ հիասթափեցրեց գլխավոր դատախազի հայտարությունը, որով նա մեկ անգամ ևս ապացուցեց՝ ինքը շարունակում է շարժվել նախկին իշխանության ցուցումներով:

Պարզապես հիմա նա համարձակություն չունի հետ կանգնելու նախկին ճանապարհից, հետևաբար՝ ես կոչ եմ անում գլխավոր դատախազին՝ հրաժարական տալ, և նրա տեղում նշանակել մի անաչառ դատախազի: Դատաիրավական համակարգը պետք է անկախ լինի ցանկացած տեսակի իշխանություններից, իսկ նախկինում այդպես չի եղել: Նրանք բոլորով միասին միևնույն համակարգի մի մասն էին՝ կցված իշխանական կուսակցություն ՀՀԿ-ին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ անել այն, ինչ օրենքն է վերապահում գործադիր իշխանությանը համար, Ավետիք Իշխանյանը խիստ դրական է գնահատում  և հույս է հայտնում, որ դրական զարգացումները տեղի կունենան հնարավորինս արագ՝ տեսանելի և մոտ ապագայում:

Տեսանյութեր

Լրահոս