«Մեր երկրում հենց հիմա կան նախատիպեր, որոնք որոշ բաներով ավելի են ու կարող են հաղթել իսրայելական արտադրության ռազմամթերքներին». Գևորգ Գորգիսյան
«Լինելով Հայաստան-Իսրայել խորհրդարանական խմբի անդամ՝ կարող եմ հավաստել, որ հիմա Հայաստան-Իսրայել հարաբերությունները գտնվում են շատ բարձր տեմպով զարգացման ուղում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը:
«Մենք ունենք շատ բան առաջարկելու Իսրայելին, մասնավորապես՝ հենց բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտներում: Մեր երկրում հենց հիմա կան նախատիպեր, որոնք որոշ բաներով ավելի են ու կարող են հաղթել իսրայելական արտադրության ռազմամթերքներին: Իսրայելը Հայաստանին դիտարկում է նաև՝ որպես միջանցիկ օղակ՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Կարծում եմ՝ այս փաստաթուղթը շատ կարևոր է այս փուլում ընդունելու համար»,- նշեց Գ. Գորգիսյանը: