«Ես զարմանում եմ այդ աժիոտաժի համար». Շավարշ Քոչարյան
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի: Այնպես որ, դա ակնհայտ է նույնիսկ համանախագահների համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Ըստ նրա` եթե Կազանյան հանդիպումն ավարտվեր հաջողությամբ, Արցախը պետք է տար իր հավանությունը փաստաթղթին և երեքը միասին աշխատեին խաղաղության թղթի վրա:
«Դրա համար ես զարմանում եմ այդ աժիոտաժի համար»,- ասաց Շ.Քոչարյանը` հավելելով, թե ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթաց չի լինի:
Շ.Քոչարյանի խոսքով՝ համանախագահները շատ լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն. «Այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի բանակցություններին: Արցախի մասնակցություն-չմասնակցությունը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանն իրոք ձգտում է որևէ առաջընթացի բանակցային գործընթացում, թե՞ այդ ամբողջ գործընթացն օգտագործում է՝ որպես քող իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար»: