Տիգրան Սարգսյանը` ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի հիմնական առավելությունների մասին

Մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որը տանումէ կողմերի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման:

Ստորագրման արարողությանը նախորդել է «ԵԱՏՄ-Իրան. համագործակցության նոր հեռանկարները արտոնյալ առեւտրի պայմաններում» բանավեճը, որի մասնակիցները քննարկել են համաձայնագրի կնքման արդյունքները, նոր հնարավորությունները, որոնք բացվում են Միության եւ Իրանի արտահանողների համար, ինչպես նաեւ կողմերի միջեւ համագործակցության խորացման ուղղությունները:

Բացելով քննարկումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը առանձնահատուկ է ԵԱՏՄ-ի համար, քանի որ ազատ առեւտրի գոտու ստեղծման երկու փուլ է նախատեսում: Ընթացիկ փուլում գործելու է Ժամանակավոր համաձայնագիրը:

Երեք տարվա ընթացքում պլանավորվում է համաձայնության գալ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրի կնքման շուրջ: ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագիրը կընդգրկի արդեն ապրանքային ողջ անվանացանկը: Հեռանկարում կողմերի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել մեկուկես անգամ:

«Այժմ համաձայնագրում ներառված է ապրանքների առաջնահերթ ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադարձ առեւտրում կնվազեցվեն կամ կվերացվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելու հետո,-ասել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Համաձայնագիրը ներառում է փոխադարձ առեւտրի ծավալի 50 տոկոսը, ինչը, անտարակույս, խոսում է պայմանավորվածությունների նշանակալիության ու լրջության մասին»: Տիգրան Սարգսյանը նշել է այն հիմնական առավելություններից մի քանիսը, որոնք կստանան Միության երկրների եւ Իրանի ձեռնարկատերերը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Նման օգուտներից մեկը տնտեսումն է ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: Երկրորդ առավելությունը փոխադարձ առեւտրի թափանցիկ ու կանխատեսելի միջավայրն է: «Ներմուծման մաքսատուրքների նվազումից բացի, Ժամանակավոր համաձայնագիրը նախատեսում է, որը կողմերը կատարելու են միջազգային առեւտրի հիմնարար սկզբունքները: Ամրագրված է սխեմա, որը համանման է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերին, ինչը պարտավորություններ ու պահանջներ է դնում Իրանի վրա, չնայած մեր գործընկերները ԱՀԿ-ի անդամ չեն»,-հայտնել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ չհիմնավորված ոչ տարիֆային միջոցներ չկիրառել այն ապրանքների նկատմամբ, որոնք թվարկված են համաձայնագրում:

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է Իրանի հետ պատմականորեն հաստատված բարիդրացիական հարաբերությունները: «Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ, եւ մենք կփորձենք դա օգտագործել ի բարօրություն Հայաստանի, ԵԱՏՄ-ի եւ Իրանի շուկայի»,-ասել է նա: Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Իրանի հետ համագործակցության մեջ կներգրավվի «Գյումրի» ազատ տնտեսական գոտին:

Այն հնարավորություն է ընձեռում համատեղ արտադրություն կազմակերպել իր հարթակում: Իրանցի արտադրողները կարող են հումք ներմուծել ազատ տնտեսական գոտի եւ առանց բյուրոկրատական ընթացակարգերի պատրաստի արտադրանք ստանալ ԵԱՏՄ-ի շուկաներին մատակարարելու համար: Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին հայտարարել է, որ «Իրանի հետ բազմակողմ հարաբերությունների ստեղծման առաջին բացառիկ փորձը բավականին հեռանկարային է: Մենք շատ լավ փոխադարձ արդյունքների ենք հասել»:

ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը ողջունել է համաձայնագրի ստորագրումը: «Փաստաթղթում հատուկ հոդված է նախատեսված բիզնես-երկխոսության հաստատման վերաբերյալ: Այդ հարթակի ճշգրիտ ձեւաչափը կորոշվի մոտ ժամանակներս՝ բիզնեսի մասնակցությամբ»,-ասել է նա: Իրանի արդյունաբերության, հանքերի ու առեւտրի նախարար Մոհամադ Շարիաթմադարին նշել է ԵԱՏՄ-ի երկրների եւ Իրանի՝ որպես համաշխարհային տնտեսության սուբյեկտների մեծ ներուժը:

«Իրանը խնդիր է դնում պարզեցնել արտահանման ընթացակարգերը, վերացնել խոչընդոտները, զարգացնել լոգիստիկան եւ կայուն առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ,-հայտարարել է հանրապետության ներկայացուցիչը:-Մենք միտված ենք երկրորդ փուլին, որը կդառնա ապագայում մեր հարաբերությունների զարգացման երաշխավորը»:

Տեսանյութեր

Լրահոս