Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու հուսալի միջոց են գտել
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ ֆիզիկական ակտիվության հանձնարարվող մակարդակն զգալիորեն նվազեցնում է սրտի անբավարարության եւ վաղաժամ մահվան ռիսկը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Սրտի անբավարարության դեպքում խախտվում է սրտի պոմպային գործառույթը, ինչի հետեւանքով այն չի կարողանում ապահովել օրգանիզմի նյութափոխանակության պահանջմունքները: 65-ից բարձր տարիքի պացիենտների մոտ հոսպիտալացման հիմնական գործոններն են արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, շաքարախտը եւ ծխելը: Բուժման բացակայության դեպքում սրտի անբավարարությունը կարող է արագորեն հանգեցնել մահվան:
Մասնագետները վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են 11 հազար 351 մարդու մասնակցությամբ աթերոսկլերոզի երկարաժամկետ ուսումնասիրության ընթացքում: Փորձին մասնակցած անձանց միջին տարիքը հասել է 60-ի: Կամավորների նկատմամբ հսկողությունը 19 տարվա ընթացքում իրականացվել է հեռախոսային հարցազրույցների օգնությամբ, ինչպես նաեւ հաշվի են առնվել այցելությունները հիվանդանոցներ եւ մահվան դեպքերը:
Ընդամենը սրտի անբավարարության պատճառով գրանցվել է 1693 հոսպիտալացում եւ 57 մահ: Գիտնականները նաեւ անկետավորում են անցկացրել ֆիզիկական ակտիվության մակարդակը գնահատելու համար:
Պարզվել է, որ շաբաթական 150 րոպե տեւողությամբ կանոնավոր չափավոր կամ բարձր ֆիզիկական ակտիվությունը, ներառյալ հեծանիվ քշելը կամ ոտքով զբոսանքները, բավարար է սրտի անբավարարության ռիսկը 31 տոկոսով նվազեցնելու համար: Սակայն, եթե միջին տարիքի մարդն ավելի վաղ ակտիվ կենսակերպ չի վարել, ապա նրան մոտավորապես վեց տարի կպահանջվի, որպեսզի այդ ռիսկը նվազեցվի 23 տոկոսով: