Ինչ ժառանգություն ստացավ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծանր ժառանգություն է ստացել ՀՀԿ-ից. խոսքը տնտեսության վիճակի մասին է, որը հազիվ թե կարելի է գնահատել բարվոք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն ՀՀ պետական պարտքը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 867.5 մլն դոլար, մինչդեռ տարսեկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր:

Ասել է, թե նախորդ կառավարությունն այս չորս ամիսներին պետական պարտքն ավելացրել է 92.9 մլն-ով: Ի դեպ, եթե չլինեին ապրիլի կեսերից սկիզբ առած բողոքի ցույցերը, որ վերածվեցին համաժողովրդական շարժման, այս ընթացքում երկրի պետական պարտքն էլ ավելի կշատանար: Պարզապես համաժողովրդական շարժումը պարալիզացրեց իշխանությունների, մասնավորապես կառավարության գործունեությունը` հնարավորություն չտալով ազատորեն վարկային նոր համաձայնագրեր կնքել. դե, միջազգային կառույցներն էլ իրենց հերթին խուսափեցին ՀՀ-ին պարտք տալուց:

Մեկ ուշագրավ փաստ էլ. ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը արտաքին պարտքն է՝ 4 մլրդ 927.8 մլն դոլար, իսկ ներքին պարտքը 1 մլրդ 333.6 մլն դոլար է, ընդ որում՝ այս ամիսներին կառավարությունը հետեւողականորեն ավելացրել է հենց ներքին պարտքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս