Սերժ Թանկյանը՝ Հայաստան վերադառնալու, շատ աշխատելու և փոփոխություն բերող երիտասարդների ժպիտների մասին
«Լինելով երաժիշտ՝ ես թափառական մարդ եմ, ով անընդհատ պտտվում է աշխարհում, բայց ցանկանում եմ տարվա մեջ գոնե երկու ամիս անցկացնել Հայաստանում»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, հայրենադարձվել Հայաստան:
«2015 թվականին «System of a down» խմբի մեր շոուի ժամանակ էի տեսել երիտասարդության եռանդն ու ժպիտները, որոնք տեսա նաև այս ամիս Հայաստանի փողոցներում: Նույն ուրախությունը, եռանդն ու հույսն էր, ինչն այն ժամանակ, որն այս հեղափոխության կարևոր մասը դարձավ: Ես գիտեի, որ այդ ժպիտներն այս հանգամանքին պետք է բերեին, չգիտեի որքան ժամանակ հետո, բայց գիտեի, որ այդ եռանդը մի տեղ պիտի հասներ»,-ասաց երաժիշտը:
Նա կոչ արեց համբերատար լինել ու շատ աշխատել, որպեսզի նվազի գործազրկությունն ու կոռուպցիան, բարձրանա Հայաստանի վստահելիությունն աշխարհում, ինչն էլ կնպաստի դեպի երկիր նոր ներդրումների ներգրավմանն ու հայրենադարձության աճին:
«Հնարավո՞ր է, որ համերգ տա Հայաստանում» հարցին ի պատասխան՝ Սերժ Թանկյանն ասաց, որ այս անգամ ոչ, բայց մոտ ժամանակներս կրկին կայցելի հայրենիք և գուցե այդ ժամանակ համերգի պատրաստություններ լինեն: Իսկ այս անգամ Հայաստանում կմնա մեկ շաբաթ:
Սերժ Թանկյանը ԱԺ օթյակից հետևում է նիստին, որի օրակարգում ՀՀ վարչապետի ընտրությունն է: