«Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը. Այդ ամենը երաշխավորված է». Նիկոլ Փաշինյան
«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք», – մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանյան բողոքի գործողությունների առաջնորդի հետ բացառիկ այս հարցազրույցը մոսկովյան պարբերականն իր կայքում տեղադրեց հանրապետականների` մայիսի 8-ի քվեարկությանը վերաբերող որոշման հրապարակումից մի քանի ժամ առաջ:
«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նախևառաջ փորձում էր պարզել` ինչպես է նա պատրաստվում հաջողությամբ ավարտին հասցնել իր իսկ սկսած շարժումը:
«Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում: Նրանք ցանկանում էին իրենց սադրիչ պահվածքով ջղայնացնել մարդկանց: Երեքշաբթի օրը [խորհրդարանում] նրանց ուզածը հենց դա էր, սակայն նրանք իրենց ուզածին չհասան, տեղի ունեցավ հակառակը», – նշում է Փաշինյանը՝ հավելելով. – «Հանրապետականների ցանկացած քայլն իրենց դեմ է աշխատելու: Պետք է ըմբռնել, որ նրանք տարբերակներ չունեն»:
«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նաև ցանկանում էր պարզել արդյոք ընդդիմության առաջնորդները չեն վախենում իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենարից, երբ հավանական կդառնա ուժային լուծումը: Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդում է.
«Եթե նրանք բանակ մտցնեն Երևան, ապա բոլոր զինվորները՝ նրանց 100 տոկոսը կմիանա մեզ, ես դա երաշխավորում եմ: Այդ դեպքում մենք ճանապարհները կփակենք արդեն ոչ թե մեքենաներով այլ տանկերով», – Փաշինյանի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ» -ը:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է. – «Կան կենսական հարցեր, որոնց մասին պետք է խոսել և որոնք պետք է լուծել: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ և մնալու են այդպիսին: Հայաստանը մնալու է Եվրասիական տնտեսական միության կազմում, կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:
Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Այդ ամենը երաշխավորված է և այդ ամենի մասին այլևս խոսել պետք չէ», – «Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Փաշինյանը:
Նրա խոսքով, սակայն, սխալ է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին խոսակցությունների շրջանցումը:
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի խնդիր է, որ չի կարելի քննարկել: Մենք կանդրադառնանք, որպեսզի մենք էլ իմանանք անվտանգության ասպարեզում Ռուսաստանի առջև ունեցած պարտավորությունները: Մենք ցանկանում ենք ճշտել, թե ինչ կոնկրետ պարտավորություններ ենք ստանձնել մենք (բոլորս)` նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը միմյանց հանդեպ: Մեզ օրինակ շատ է մտահոգում, երբ տեսնում ենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը մերձենում են»,- «Կոմերսանտ»-ին տված հացազրույցում նշում է Նիկոլ Փաշինյանը: