«Հայաստանում հույսի արթնացման փաստը շատ կարևոր է». Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը «Ամերիկայի ձայնին« տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել:
«Մենք ապրում ենք բավականին բևեռացված աշխարհում, որտեղ ժամանակին հնարավոր էր տարբեր երկրների համար վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:
Օրինակ՝ բարեկամական հարաբերություններ ունենալ միաժամանակ թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի: Չափազանց կարևոր է, որ սա կրկին հնարավոր դառնա, քան որ ներկայումս թե՛ միաջազգային, թե տեղական օրինակներով, բոլորը ֆիքսված են աշխարհաքաղաքական տարաձայնությունների վրա, որը, ըստ իս, առողջ մոտեցում չէ:
Այս առումով, ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կհաջողվի այդ իրականացնել:
Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն թեև լինելով ռուսաստանամետ, կարող է հնարավորություն ունենալ ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, ինչը, ըստ իս կարելի կլինի առողջ որակել:
Նաև աշխարհաքաղաքական առումով կարևոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, օրինակ, տան իրենց համաձայնությունը այս տիպի երկրներին նման արտաքին քաղաքականություն վարելու:
Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում, անհերքելիորեն, նշանակալի փաստ է:
Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում առկա հուսալքվածությունը: Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարևոր է»,- ասել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը «Ամերիկայի ձայնի» հետ ունեցած զրույցում: