«Եթե վարչապետ չընտրվի, քաղաքացիական անհնազանդությունը կշարունակվի». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կունենա պետականության զգացղություն և կընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից առաջ Է. Մարուքյանն ասաց, որ ակնկալում են, որ ԱԺ-ն այսօր կընտրի վարչապետ:
Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:
Է. Մարուքյանը նորմալ է համարում ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ նախ պետք է լսեն Ն. Փաշինյանի ծրագիրը, հետո որոշեն՝ քվեարկելո՞ւ են նրա օգտին, թե՞ ոչ.
«Նորմալ է, բա ի՞նչ, ուզում էիք՝ առանց ծրագիրը լսելո՞ւ որոշում կայացնեին: Շատ նորմալ հայտարարություն են արել, դա նշանակում է, որ կլսեն և կընտրեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Նրա խոսքով՝ եթե վարչապետ չընտրվի, քաղաքացիական անհնազանդությունը կշարունակվի, և մարդիկ փողոցում կշարունակեն պայքարը. «Դրա համար շատ կարևոր է, որ այսօր քվեարկեն պարոն Փաշինյանի օգտին»: