«Ղարաբաղյան հարցի քննարկումը, բանակցությունները և կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». Նիկոլ Փաշինյան
«Ղարաբաղի հարցն ամենակարևորներից մեկն է։ Ակնհայտ է, որ հարցի քննարկումը, բանակցությունները և կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցադրմանը, թե Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումը և ի՞նչ ժամկետներում կարող է տիրապետել հարցին։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում՝ ինստիտուցիոնալ մեթոդաբանությամբ, այսինքն՝ համապատասխան ինստիտուտները, իր վարչապետ ընտրվելու դեպքում, հոգ տանեն, որ հնարավորինս կարճ ժամկետում տիրապետի հարցին։ Ն.Փաշինյանը նկատեց, որ անձերի ճաշակներն ու սուբյեկտիվ կարծիքը չէ որոշողը պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում, և անձերի դերակատարումը պետք է լինի հավասարակշռված։
Ն.Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից օգտագործվող հռետորաբանությունը մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար, որովհետև կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղության համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ, իսկ Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել սպառնացող անձի հետ բանակցելը պրոբլեմատիկ է։
Նա նշեց, որ և՛ ԵԱՀԿ համանախագահները, և՛ միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝ ռեալ չէ, և ագրեսիվ հռետորիկայի պայմաններում խաղաղություն չի կարելի հաստատել.
«Այս համատեքստում, ես կարծում եմ, որ վերջին դեպքերը պետք է ամրացնեն Հայաստանի դիրքերը նաև Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, որովհետև կարծում եմ, որ այն համազգային զարթոնքը, այն համազգային համախմբումը, որ մենք այսօր ունենք և, հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով կպահպանենք, դա բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի հայկական կողմի դիրքերը, դա պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և ընդհանրապես մեր հանրային ազգային ոգու բարձրացմանը, ինչը, կարծում եմ, ամենևին էլ երկրորդային չէ այս հարցում»։
Կ.Բեքարյանը հորդորեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում Ն.Փաշինյանը հնարավորինս կարճ ժամկետում տիրապետի Ղարաբաղյան հարցին, և առաջարկեց հետագայում փակ ձևաչափով քննարկում իրականացնել։