«ՀՀԿ-ն այսօր կարող է նպաստել համերաշխության մթնոլորտի հաստատմանը». Նիկոլ Փաշինյան

«Մենք հանդիպում ենք ոչ սովորական պայմաններում, երբ ՀՀ-ում արձանագրված է քաղաքական ճգնաժամ, վերջին 10-15 օրվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել և, հիմա նաև իրավիճակը գնահատելով, ուզում եմ ասել, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա։ Մենք տրամադրված ենք ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունը և բարձր ենք գնահատում քննարկման այս հնարավորությունը»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ երկրում շատ մեծ դրական էներգիա է կուտակվել, և բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ այն ծառայի ի նպաստ ՀՀ ժողովրդի և նրա ապագայի։ Ն.Փաշինյանի խոսքով՝ այս բուռն պրոցեսների մի կողմն իրենք էին, մյուսը՝ ՀՀԿ-ն, և, բնականաբար, լարվածություններ են առաջացել, բայց ուրախ է, որ կարող են միասին աշխատել՝ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։ Ն.Փաշինյանն ընդգծեց, որ իրենց խնդիրն է՝ Հայաստանում փակել ներքաղաքական թշնամանքի էջը և հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի և իրավունքի վրա հիմնված։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այսօր կարող է նպաստել այդ համերաշխության մթնոլորտի հաստատմանը.

«Այսպիսի զարգացումը հնարավորություն կտա, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք ունենանք ոչ թե հաղթողներ և պարտվողներ, այլ ունենանք իսկապես համազգային հաղթանակ, որովհետև, կարծում եմ, ակնհայտ է, որ այս քաղաքական պրոցեսը ներգրավել է ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքի մեր հայրենակիցների մեծ մասին։ Եվ, ի վերջո, ամենակարևոր հաղթանակը, որ պետք է տեղի ունենա այս գործընթացի արդյունքում, դա լավատեսության և ապագայի նկատմամբ վստահության հաղթանակն է»։

Տեսանյութեր

Լրահոս